Արմինֆո.Ադրբեջանն Արցախի բռնի կլանման նոր փուլ է սկսել։ Այսօր հայտնի է դարձել, որ Բաքուն "մարդասիրական օգնություն" է ուղարկել իր իսկ կողմից պաշարված Լեռնային Ղարաբաղ։
Կարմիր մահիկի ընկերության նախագահ, պատգամավոր Նովրուզ Ասլանը հաղորդել է, թե Բաքվից երկու մեքենա է ուղարկվել։ Նրա ասելով՝ "մարդասիրական բեռով" շարասյունը կշարժվի Ակնայի (Աղդամ) ճանապարհով։ "Նախնական փուլում նախատեսվում է առաքել 40 տոննա խմորեղեն։ Իհարկե, նախատեսված են նաև պարագաներ, վրաններ, տեխնիկական միջոցներ մեր աշխատակիցների գործունեության համար։ Մենք ուշադիր հետևելու ենք այնտեղ տեղի ունեցող գործընթացներին։ Հավատում եմ, որ այս քայլը դրական կընկալվի ինչպես հասարակայնության, միջազգային հանրության, այնպես էլ այնտեղ ապրող հայ բնակչության կողմից", - ասել է Ասլանը։
Ճիշտ է, նա չի հստակեցրել, թե ինչու է հարկավոր օգնություն ուղարկել հենց Ադրբեջանի կողմից պաշարված Արցախ։ Չի բացատրել նաեւ, թե ինչու 20 հայկական բեռնատարներ արդեն երկրորդ ամիսն է ՝ պաշարված Արցախի բնակչության համար մարդասիրական բեռով կանգնած են Կոռնիձորում՝ ադրբեջանական իշխանությունների գործողությունների պատճառով հնարավորություն չունենալով միջազգայնորեն ճանաչված միջանցքով անցնել Լեռնային Ղարաբաղ, թե՝ ինչու ադրբեջանական իշխանությունները չեն կատարում իրենց պարտավորությունները և խոչընդոտում են միջանցքի աշխատանքը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանից ճանապարհի գործարկումը լինելու է "Արցախի դագաղի կափարիչի" վերջին մեխը և ԼՂՀ-ի կլանման վերջին փուլը:
Հավելենք նաև, որ ԼՂՀ-ում բողոքի ալիք է բարձրացրել՝ Քաշաթաղի միջանցքի ապօրինի անցակետից ադրբեջանցիների կողմից Արցախի երեք քաղաքացիների առևանգման ֆոնին: Մարդիկ սկսել են հավաքվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և իշխանություններից պարզաբանումներ պահանջել։
Այդ ֆոնին ԼՂՀ նախագահը Անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի։ Ուշ երեկոյան գումարվել է նաև Արցախի խորհրդարանի նիստ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե Ազգային Ժողովում ավելի քան 6 ժամ տեւած նիստից հետո չի հաջողվել միասնական լուծման հանգել, սակայն "հացի խնդիրը կլուծվի մի քանի օրվա ընթացքում":
Հավելենք նաև, որ Լեռնային Ղարաբաղում Ակնայով անցնող ճանապարհի օգտագործման հնարավորության մասին հայտարարությունները դիմավորել են բետոնե արգելապատնեշների տեղադրմամբ: