Արմինֆո. Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը մտադիր է պաշտոնանկ անել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին: ԱԺ որոշման նախագիծը ներկայացված է Ազգային ժողովի կայքում:
Նշվում է, որ ընդդիմադիր պատգամավորին պաշտոնանկ անելու նախաձեռնությամբ հանդես են եկել "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Ներկայացված որոշման նախագծի վերաբերյալ հիմնական զեկուցողը կլինի կառավարող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Ապրիլի 20-ին Թովմասյանը, ով ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր է, խորհրդարանում բողոքի ակցիա էր անցկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթների դեմ: Նա հայտարարել էր, որ չի հեռանա Ազգային ժողովի ամբիոնից, որպեսզի խորհրդարանում "սուտ չհնչի"։ Նրան և իր թիմակիցներից մի քանիսին ուժով դուրս էին հանել նիստերի դահլիճից։ Աղմկահարույց միջադեպից հետո Աղազարյանը ամբիոնից հայտարարել էչ, որ Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթաց է սկսում։ Մինչդեռ, ինքը ՝ Թովմասյանը, կարծում է, որ իր դեմ սկսված գործընթացը քաղաքական ճնշում է։