Արմինֆո. Ռուսաստանյան բարձրաստիճան պատվիրակության անդամները, որոնք Երևան են ժամանել հունիսի 13-14-ը «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական համաժողովին մասնակցելու նպատակով, այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին։
ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, համաժողովին մասնակցում են ՀՀ և ՌԴ բուհերի, գիտական կազմակերպությունների, նախարարությունների, համապատասխան հաստատությունների և բիզնես համայնքի՝ ավելի քան 200 ներկայացուցիչներ։ Ռուսաստանյան բարձրաստիճան պատվիրակության կազմում են ՌԴ լուսավորության նախարար Ս. Կրավցովը, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կ. Մոգիլևսկին, ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Մ. Շվիդկոյը, ՌԴ նախագահի աշխատակազմի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Ի. Մասլովը, ՌԴ նախագահի աշխատակազմի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետի տեղակալ Ա. Ռիբակովը, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Վ. Սադովնիչին, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահության գլխավոր գիտական քարտուղար, Կրթության ռազմավարության զարգացման ինստիտուտի գիտական ղեկավար, ՌԿԱ ակադեմիկոս Ս. Իվանովան, Ռուսաստանի գիտության ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկ, քիմիական գիտությունների դոկտոր Ստ. Կալմիկովը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո – ն երկօրյա գիտակրթական համաժողովը տեղի կունենա Երևանի պետական համալսարանում: Բացմանը կմասնակցեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ կրթության և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Լոմոնոսովի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին, ՀՀ և ՌԴ համալսարանների և գիտական կազմակերպությունների, կառավարման և բիզնեսի ներկայացուցիչներ: Հայ-ռուսական գիտակրթական համաժողովն առաջին երկկողմ միջոցառումն է երկու երկրների առաջատար համալսարանների և գիտական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցության ձևաչափով: Համաժողովը կոչված է նպաստելու երկու երկրների համալսարանների միջև գիտական և կրթական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը: Հայ-ռուսական համաժողովը կրթության և գիտության ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանն ուղղված Ռուսաստանի ռեկտորների միության ծրագրած միջոցառումների մի մասն է: 2000 թվականից ի վեր Ռուսաստանի ռեկտորների միության հովանու ներքո անցկացվել է ավելի քան 80 գիտաժողով ՝ Ռուսաստանի և արտասահմանյան բուհերի ավելի քան 6000 ռեկտորների մասնակցությամբ: Գիտաժողովի շրջանակներում հյուրերը կայցելեն Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Ա.Աբրահամյանի հավաքածու):