Արմինֆո.Բրյուսելում Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց, համապատասխանաբար, 29800 քառակուսի կիլոմետր եւ 86600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը: Այդ մասին մայիսի 18-ին կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բրյուսել կատարած իր այցի արդյունքներին։
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, Հայաստանի վարչապետը հիշեցրել է, որ մայիսի 14-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցավ իր հանդիպումն Ադրբեջանի ղեկավարի հետ: «Ինչպես հիշում եք, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահն ու ես վերահաստատել էինք մեր երկրների հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին՝ ընդգծելով, որ դրանց հիման վրա ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, նաև հաստատել էինք, որ սա հիմք է հանդիսանալու սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովների աշխատանքի համար:
Մայիսի 14-ին մենք, ըստ էության, կատարեցինք ևս մի քայլ, և ինչպես նշված է Եվրոպական խորհրդի նախագահի՝ մայիսի 14-ի հանդիպմանը հետևած հայտարարության մեջ, արձանագրեցինք, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29800 քառակուսի կիլոմետր, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի 86600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը:
Պիտի արձանագրեմ, որ սա կարևոր քայլ եմ համարում տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման և սահմանների դելիմիտացիայի առումով նույնպես: Բայց, իհարկե, հաջորդ քայլը պետք է լինի սահմանազատման համար իրավական ուժ և նշանակություն ունեցող կոնկրետ հիմքերի նույնականացումը և համաձայնեցումը:
Ուզում եմ հատուկ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ Եվրոպական խորհրդի նախագահի՝ մայիսի 14-ի եռակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկկխոսության կարևորությունը` միջազգային հանրության հետ համագործակցված: Սա մի գործընթաց է, որն էական է Ադրբեջանի հետ հարաբերությունների իրական և համապարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման համար: Հետևաբար՝ դա մեծապես կարագացնի խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի և Արդբեջանի միջև», - ամփոփել է Փաշինյանը: