Արմինֆո. Այսօր էլ ցեղասպանության սպառնալիքը և վտանգը մեր տարածաշրջանում դիտարկվում է որպես հրատապ կանխարգելման մի երևույթ:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, այդ մասին դեկտեմբերի 12-ին հայտարարել է ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Մատենադարանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ համաժողովի բացմանը, որն անցկացվում է դեկտեմբերի 12-13-ը Երևանում` «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով:
«Վերջին շրջանում ավելի ու ավելի շատ, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների կողմից ահազանգվում է պոտենցիալ ցեղասպանությունը որպես սպառնալիք: Եվ ես կարծում եմ, որ այդ ահազանգերին մենք, բոլորս և միջազգային հանրությունը պետք է իսկապես լուրջ վերաբերվենք: Թվում էր, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը ստեղծել է մեխանիզմները Լեռնային Ղարաբաղի հայությանը պոտենցիալ ցեղասպանությունից պաշտպանելու համար, բայց, ցավոք, հետագայում քայլ-քայլ մենք տեսանք և շարունակում ենք տեսնել իրողություններ, որոնք հնչող մտավախությունները դարձնում են ավելի ու ավելի առարկայական: Եվ պիտի փոքր ակնարկ անեմ, թե ինչպես ենք մենք շարժվել ահա այսպիսի վտանգի առարկայացման ուղղությամբ: 2021 թվականին արդեն մենք ականատես եղանք իրողությունների, երբ Լեռնային Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացիական անձինք դիպուկահարի կողմից ուղղակի սպանվեցին տրակտորի ղեկին գտնվելիս: Հետագայում մենք ավելի սուր իրողությունների ականատես դարձանք, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Լեռնային Ղարաբաղում ռուս խաղապահների պատասխանատվության գոտի, և այդ պրոցեսը զուգորդվեց ուշադրության արժանի մի քանի իրողություններով և երևույթներով: Մասնավորապես, երբ Ադրբեջանի զինված ուժերը գիշերային ժամերին ուժեղ լուսարձակների միջոցով լուսավորում էին հայկական գյուղերի տները կեսգիշերն անց, միացնում իսլամական աղոթքի հրավեր և բարձրախոսներով հայ բնակիչներին կոչ անում, սպառնում լքել իրենց բնակավայրերը: Մենք, իհարկե, մեծ հարգանք ունենք իսլամական քաղաքակրթության և կրոնի նկատմամբ, և դրա ամենավառ ապացուցներից մեկը Երևան քաղաքի կենտրոնում գտնվող Կապույտ մզկիթն է, որն, իմիջայլոց, վերականգնվել է ՀՀ անկախության ժամանակաշրջանում, բայց այլ կերպ, քան կրոնական ահաբեկչություն իմ կողմից նկարագրված իրողությունը, ես չեմ կարող գնահատել:
Եվ նաև պիտի արձանագրեմ, որ, ցավոք, այդ գործողություններն առանձին կամ մեկուսացված գործողություններ չեն: Եվ այսօր մենք տեսնում ենք հետևողական գործողություններ, որոնք ավելի ու ավելի առարկայական են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իսկապես ցեղասպանություն է կազմակերպում, նախապատրաստում», - հայտարարել է Փաշինյանը: