Արմինֆո.2020 թվականի աշնանն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հաղթանակ ապահոված ագրեսիան Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւին զրկել է չափի զգացումից, իսկ միջազգային հանրության լուռ խրախուսումը նրա մեջ ամենաթողություն է առաջացրել։
Նոյեմբերի 8-ին օկուպացված Շուշիում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Ալիևը կրկին պարծեցել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ ագրեսիայով և որոշել է զենք ճոճել Իրանի առջեւ։ Նա, մասնավորապես, վստահեցրել է, որ ադրբեջանական կողմն ամրապնդում է իր բանակը և ի զորու է հակահարված տալ յուրաքանչյուրին։
"Հայաստանը պետք է իմանա, որ ներկայիս շրջանակներում մեզ պահում է ոչ թե Հայաստանի ինչ-որ հովանավորի հայտարարությունը, այլ մեր սեփական քաղաքականությունը։ Մենք ոչ ոքից չենք վախենում։ Եթե մենք ինչ-որ մեկից վախենայինք, երբեք չէինք սկսի երկրորդ ղարաբաղյան պատերազմը։ Չնայած այն հանգամանքին, որ պատերազմն ավարտվել է երկու տարի առաջ, կան տագնապալի պահեր", - ասել է նա՝ հերթական անգամ տարածքային պահանջներ հայտնելով Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ։
Հերթական անգամ խոստովանելով, որ Ադրբեջանն օկուպացրել է հայկական տարածքները, նա կրկին սպառնացել է նոր պատերազմով։ "Նրանք (հայերը-խմբ.) պետք է դա հասկանան, որպեսզի երկրորդ անգամ զոհ չդառնան նրանց, ովքեր նստած են արտերկրում և ցանկանում են այդ տարածաշրջանը դիտարկել որպես խաղերի հարթակ։ Այստեղ հիմնական ազդեցությունը, հիմնական խոսքը պատկանում է մեզ: Մեր բանակը ցուցաբերել է հերոսություն, պրոֆեսիոնալիզմ և անձնազոհություն։ Եթե պետք լինի, մենք դա ևս մեկ անգամ ցույց կտանք և կհասնենք մեր ուզածին, դա գիտեն բոլորը, թող դա իմանան նաև նրանք, ովքեր մարտական զորավարժություններ են անցկացնում մեր սահմանին՝ ի աջակցություն Հայաստանի։ Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել", - Իրանի առջեւ զենք է ճոճել Ալիեւը։
Ադրբեջանի մշտական առաջնորդը, թեւավորված քաղաքակիրթ միջազգային հանրության անգործությամբ, նաեւ պարծեցել է Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի սեպտեմբերյան ագրեսիայով։ "Սեպտեմբերի 13-14-ի իրադարձությունները հենց այնպես չեն եղել։ Մեր պատասխանը կարող էր մի քիչ ավելի փոքր լինել, եթե նրանք կատարեին իրենց ստանձնած պարտավորությունները: Մեր պատասխանը կարող էր ավելի կոշտ լինել, եթե մենք ցանկանայինք նոր պատերազմ։ Մենք դա չենք ուզում, արյունահեղություն չենք ուզում։ Պարզապես, մենք մեր իրավունքն ենք ուզում", - ասել Է Ալիեւը, չպարզաբանելով, թե որն է այդ իրավունքը. ռազմագերիների խոշտանգումը, անօգնական կանանց բռնաբարությունը, սպանությունը եւ մասնատումը, թե՞ խաղաղ բնակչության եւ քաղաքացիական հաստատությունների ռմբակոծումը։
Ավելի մեծ վստահության համար նա որոշել է ցույց տալ և իր ուժը Ռուսաստանի առջև, և շարունակել է որպես մանտրա կրկնել, որ ռուս խաղաղապահները ժամանակավորապես են տեղակայված Արցախում։
"Ռուս խաղաղապահները ժամանակավորապես տեղակայվել են այնտեղ, նրանց ժամկետը նշված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ, եւ եթե նրանք ապավինում են որեւէ մեկին, միեւնույն է, բախվելու են ողբերգության", - ասել Է Ալիեւը, այդպիսով չթաքցնելով, թե ինչ ճակատագիր է սպասվում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ ռուս խաղաղապահների հեռանալուց հետո:
Նա նաև պարծեցել է, որ միջազգային դերակատարները, մեծ մասամբ, սատարել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան, քանի որ խավիարային դիվանագիտությունն ու տասնամյակներ շարունակ թափվող նավթադոլարները տվել են իրենց ցանկալի պտուղները։
"Ճիշտ է, Հայաստանի որոշ արտասահմանյան հովանավորներ ցանկանում են մեզ ինչ-որ բանում մեղադրել։ Ես նրանց էլ պատասխանել եմ։ Կրկին, եթե նրանք նորից սկսեն գոռալ, ես կպատասխանեմ նրանց: Դա ինձ չի կանգնեցնի", - նշել է Ալիեւը՝ թեւավորված Թուրքիայի աջակցությամբ։