Արմինֆո.Ֆրանսիան լիովին աջակցում է Հարավային Կովկասի խաղաղության օրակարգին, ինչպես նաեւ ԵՄ-ի եւ Ադրբեջանի հարաբերությունների տարբեր ոլորտների նախաձեռնություններին: Ըստ Բաքվի ԶԼՄ-ների՝ այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ արեւելյան գործընկերության հարցերով դեսպան Բրիս Ռոքֆեյը:
Ավելի վաղ նա կատարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի լիազորությունները, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ:
Զրույցի ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների հաջող զարգացումը, ինչպես նաեւ պետության ղեկավարի մասնակցությունը նախորդ տարվա դեկտեմբերին Բրյուսելում կայացած ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հետկոնֆլիկտային շրջանին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության պայմանագրի նախապատրաստման համար բանակցությունների անցկացմանը, սահմանների սահմանազատման հարցերին վերաբերող հարցեր:
Ընդգծելով, որ Բաքվի առաջ քաշած հինգ սկզբունքներն ընդունվել են հայկական կողմից, Ալիեւը հայտարարել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու ադրբեջանական պատվիրակության պատրաստակամության մասին:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ադրբեջանաֆրանսիական հարաբերություններին։ Ալիեւը հիշեցրել է նախորդ տարվա դեկտեմբերին Բրյուսելում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման եւ այս տարվա փետրվարին տեսաձեւաչափով հանդիպման մասին: Պետության ղեկավարը նաեւ հիշեցրել է, որ Էմանուել Մակրոնին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: