Արմինֆո.Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նոյեմբերի 9-ին համապատասխան որոշումն ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես Facebook-ի իր էջում հաղորդել է Գևորգյանը, ինքն իր դիմումի համաձայն է ազատվել պաշտոնից ։
«Սիրելի ընկերներ, դիմումիս համաձայն ազատվել եմ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից։ Շնորհակալ եմ վարչապետին, կառավարության աշխատակազմին համատեղ աշխատանքի համար։ Վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարելու ընթացքը լի էր Հայաստանին բաժին հասած դժվարություններով, չնայած ամենին՝ փորձել եմ հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք դրվել էին 2018-ի հեղափոխության հիմքում։ Ներողություն եմ հայցում բոլոր նրանցից, որոնց հույսերը չեմ արդարացրել այս պաշտոնում։ Շնորհակալ եմ նաեւ լրագրողներին՝ արդյունավետ համագործակցության համար», - գրել է նա։
Մանե Գեւորգյանը վարչապետի մամուլի քարտուղար էր նշանակվել 2020 թվականի մարտի 2-ին։ Պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ Վլադիմիր Կարապետյանն ազատվել էր այդ պաշտոնից։ Գեւորգյանն ավարտել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը: Սովորել է նաև Թաֆթսի համալսարանին կից Ֆլետչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցում։ Մինչ նշանակումը Գեւորգյանն աշխատել է Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ ուսուցման կենտրոնում (ICARE), հետազոտող (2008 - 2009թթ.), ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի օգնական (2012-2016 թթ.), 2009 - 2017թթ.՝ "Սիվիլնեթ" առցանց հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր, "Սիվիլիթաս" հիմնադրամ, 2017-2020 թվականներին ՝ "Ավրորա" մարդասիրական նախաձեռնության միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգող, IDeA հիմնադրամ: