Արմինֆո. ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ:
Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ նշել են հայ-սիրիական բազմադարյա բարեկամությունը՝ երկու երկրների հարաբերություններում մեծապես կարևորելով սիրիահայ համայնքի դերակատարությունը:
Ինչպես հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ճգնաժամի առաջին իսկ օրվանից Հայաստանը հանդես է եկել Սիրիայի միասնության և ինքնիշխանության պահպանման և համապարփակ երկխոսությամբ խնդրի կարգավորման օգտին։ Կողմերը խիստ մտահոգություն են հայտնել Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկան ահաբեկիչների ներգրավման առնչությամբ։
ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաեւ Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուի հետ: Զրուցակիցները կարևորել են փոխադարձ վստահության վրա հիմնված հայ-ռումինական պատմական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը: Քննարկվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խորացումը, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երկկողմ տնտեսական համագործակցության հեռանկարներին՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Արարատ Միրզոյանը և Բոգդան Աուրեսկուն մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն համագործակցության, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման, Արևելյան գործընկերության ծրագրի օրակարգի շուրջ։ Անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը՝ Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման հրամայականը: Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաեւ Բելգիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Սոֆի Վիլմեսի հետ։ ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության ամրապնդման և փոխադարձ հետաքրքրության ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։ Այս համատեքստում կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Արարատ Միրզոյանը գոհունակությամբ է նշել Բելգիայի Սենատի ու Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևերը, որոնցում աջակցություն էր հայտնվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի բանաձևը, որում ընդգծվում էր Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական պատանդներին ազատ արձակելու անհրաժեշտությունը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության հեռանկարներին։