Արմինֆո. Արցախի Քաշաթաղի շրջանի նախկին բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի մոտ։ Այդ մասին հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը։
Հայկազյան համայնքի ղեկավար Արմեն Չոմոյանը հաղորդել է, որ քաղաքացիները, պարզապես, ցանկանում են, որպեսզի իրենց կորուստները փոխհատուցվեն: Նրա խոսքով ՝ մոտ 13.000 մարդ զրկվել է գույքից։ Նա նաեւ հավելել է, որ փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով քաղաքացիների մոտ 20 տոկոսը չի կարող փոխհատուցում ստանալ: Չոմոյանի ասելով, բնակիչները օթեւանի կամ գումարի կարիք ունեն՝ գյուղական վայրերում տներ ձեռք բերելու համար, ինչը նրանց հնարավորություն կտա շարունակել գյուղատնտեսությամբ զբաղվել: Նրա հավաստմամբ, նման պահանջ ներկայացվել է Արցախի իշխանություններին, սակայն մինչ օրս պատասխան չկա:
Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհություն են հայտնել Հայաստանի լիազոր կառույցներից, որոնք զբաղվում են փախստականների հարցով։ Նրանք նաև ընդգծել են, որ պատրաստ են բնակություն հաստատել Հայաստանի գյուղերում, որոնք հիմա դատարկ են։