Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նախադեպը ցավալի հետեւանքներ է ունեցել ղարաբաղյան տարածաշրջանի համար, սակայն այն կարող է լուրջ հետեւանքներ ունենալ նաեւ Հայաստանի սահմաններից դուրս։ Այդ մասին դեկտեմբերի 11-ին Sputnik-ում ղարաբաղյան հակամարտությանը նվիրված կլոր սեղանի ժամանակ հայտարարել է պրոֆեսոր, ՄԳԻՄՕ-ի պատվավոր դոկտոր, Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը (այդ պաշտոնը զբաղեցրել է 2008-2018 թվականներին)։
"Այսօր Ադրբեջանի նախագահն ասում է, որ միջազգային իրավունքը չի գործում ։ Այսօր նա խոսում է ուժի իրավունքի, այլ ոչ թե իրավունքի ուժի կարևորության մասին։ Դրանք շատ վտանգավոր միտումներ են, որոնք իրենց մեջ սպառնալիք են պարունակում։ Դա պետք է կանգնեցնել, հատկապես, Հայաստանի տարածքի մեծ մասի նկատմամբ հնչեցված հավակնությունների ֆոնին, իսկ դա դեռ խրախուսվում է այդ պատերազմի նախաձեռնող ևս մեկ պետության ղեկավարի կողմից, որը լիակատար աջակցություն է ցուցաբերել մարտական գործողությունների ընթացքում, ինչի մասին վկայում է նաև նրանց ներկայությունը Բաքվի զորահանդեսին", - ասել է Նալբանդյանը, որն այդ կապակցությամբ հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի 2017 թվականի խոսքերը, որն ընդգծել է, որ ղարաբաղյան հարցը բացառապես Ադրբեջանի ներքին գործը չէ: Ավելին, նրա խոսքով, ընդունվել են բազմաթիվ փաստաթղթեր այդ հարցի վերաբերյալ, որտեղ խոսվում է Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձի անհրաժեշտության մասին, բայց ոչ ուժային ճանապարհով, բանակցությունների միջոցով, ինչպես նաև Արցախի ինքնորոշման իրավունքի կարևորության մասին։
Միեւնույն ժամանակ, Հայաստանի նախկին արտգործնախարարն ընդգծել է, որ բոլոր աշխատանքային փաստաթղթերում մինչեւ 2018 թվականը, եւ որոնք փոխանցվել են ԵԱՀԿ քարտուղարությանը, ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը պետք է մասնակցի խաղաղության համաձայնագրի նախագծի կազմմանը:
Իր հերթին՝ Ռուսաստանի միջնորդական առաքելության նախկին ղեկավար, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով ՌԴ նախագահի նախկին լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը նշել է, որ այսօր Ռուսաստանի համար կարևոր է նոյեմբերի 9-ի հրադադարի պահպանումը: Սակայն, ըստ նրա, չի կարելի անտեսել 1994-95 թթ. անժամկետ հրադադարի և դրա ամրապնդման համաձայնագրերի խախտումը, քանի որ դա նախադեպ է ստեղծում։ Ընդ որում, նա նշել է, որ ակնհայտ է, որ պատերազմը նախաձեռնվել է հենց Ադրբեջանի կողմից։ "Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ ոչ թե լոկալ բնույթի բախումներ են եղել, այլ մարտերը սկսվել են ճակատային գծի ողջ երկայնքով։ Եվ չէին էլ կարող Հայաստանը կամ Արցախը սկսել այդ պատերազմը։ Դա տրամաբանական չէ, ինչի՞ համար: Չէ որ նրանք վերահսկում էին 7 շրջանները։ Հարկ չկա գուշակել, թե ով է սկսել երկրորդ ղարաբաղյան պատերազմը: Դա տարերային պատերազմ չէ, դա ռազմական գործողություն է, որը ծրագրված Էր Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւի կողմից", - եզրափակել է Կազիմիրովը ։