Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնեի (D-NJ) ուղղումը, որը ենթադրում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության ծրագրերի նկատմամբ Կոնգրեսի վերահսկողության խստացում: Այդ մասին հաղորդել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել
կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեին (D-NJ), Ջեքի Շփեյերին (D-CA), Ադամ Շիֆին (D-CA) եւ Բրեդ Շերմանին' ԱՄՆ վարչակազմից՝ Ալիեվի ռեժիմին ցուցաբերվող պաշտպանական օգնության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը մեծացնելու պահանջի համար:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆոն, ԱՄՆ կոնգրեսականները Ներկայացուցիչների պալատում նախաձեռնել էին մի շարք փոփոխություններ՝ հօգուտ խաղաղության: Այսպես, 2021 ֆինանսական տարվա պետական պաշտպանության մասին օրենքի (HR 6395) 66-րդ ուղղումը, որն առաջարկել է կոնգրեսական Բրեդ Շերմանը, սահմանում է, որ "այդ օրինագծով թույլատրված ոչ մի միջոց չի կարող օգտագործվել պաշտպանական առարկաները կամ ծառայությունները Ադրբեջան փոխանցելու համար, միայն, եթե նախագահը Կոնգրեսին հաստատում է, որ նման պաշտպանական առարկաների կամ ծառայությունների փոխանցումը չի սպառնում քաղաքացիական ավիացիային": Ուղղման համահեղինակներն են Ֆրենկ Փալոնեն (D-NJ), Ջեքի Շփեյերը (D-CA), Ադամ Շիֆը (D-CA) եւ TJ Cox (D-CA):
Երկրորդ նախաձեռնությունը՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնեի (D-NJ) նախաձեռնած թիվ 397 ուղղումն է, որը պահանջում է, որ պաշտպանության նախարարությունը Կոնգրեսին հաշվետվություն ներկայացնի ԱՄՆ-ի ռազմական օգնության ծրագրի մասին (հայտնի է որպես 333 բաժին), որը վերջին մի քանի տարիների ընթացքում ավելի քան 120 մլն դոլարի օգնություն է ուղարկել Ադրբեջանին: Նախաձեռնությանը հավանություն են տվել կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Ջեքի Շփեյերը եւ Ադամ Շիֆը:
Պետական պաշտպանության մասին օրենքի շուրջ քվեարկությունը, որին ավելացվել է Փալոնեի ուղղումը, տեղի կունենա արդեն հուլիսի 21-ին: Մոտ ժամանակներս սպասվում է նաև քվեարկություն Սենատում։ Դրանց վերաբերյալ վերջնական քվեարկությունը, հավանաբար, տեղի կունենա նոյեմբերին։