Արմինֆո.Ամերիկայի Հայկական Համագումարը (ԱՀՀ) ողջունում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առնչությամբ ԱՄՆ նախկին սենատոր և փոխնախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որտում նա խոստանում է ճանաչել մարդկության դեմ այդ հանցագործությունը՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում:
ԱՀՀ-ում նշել են, որ ապրիլի 24-ին Բայդենի արած հայտարարությունը նրա երկարամյա գործունեության գագաթնակետն է՝ ի պաշտպանություն ցեղասպանության ճանաչման, հատկապես՝ ԱՄՆ Սենատում ծառայության ժամանակ:
Նշենք, որ նախօրեին ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ իր հայտարարության մեջ նշել էր, որ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում պարտավորվում է աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւին:
"Այսօր մենք հիշում ենք այն ոճրագործությունները, որոնց բախվեց հայ ժողովուրդը Մեծ եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ։ 1915-1923 թվականներին գրեթե 2 միլիոն հայ տեղահանվեց, իսկ 1,5 միլիոն տղամարդ, կին և երեխա սպանվեց։ Հույները, ասորիները, քաղդեացիները, սիրիացիները, արամեացիները, մարոնիտները և այլ քրիստոնյաներ նույնպես թիրախում էին։ Մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք այդ սարսափելի և համակարգված ոչնչացման արշավի մասին Եվ մենք միշտ հարգելու ենք հայ ժողովրդի համառությունը նման ողբերգությունից հետո։ Հատկապես կարևոր է այս խոսքերն արտասանելը և այս պատմության հիշատակը հարգելը այն պահին, երբ մեզ ամեն օր հիշեցնում են ճշմարտության ուժի և ատելությանը դիմակայելու մեր ընդհանուր պատասխանատվության մասին, որովհետև լռությունը հանցակցություն է։ Եթե մենք լիովին չենք ճանաչում, չենք նշում և մեր երեխաներին չենք տեղեկացնում ցեղասպանության մասին, "այլևս երբեք" բառերը կորցնում են իրենց նշանակությունը։ Փաստերը պետք է լինեն նույնքան պարզ ու համոզիչ ապագա սերունդների համար, որքան նրանց համար, ում հիշողությունը մթագնված են ողբերգությամբ։ Ցեղասպանության փաստը հիշելու կամ ճանաչելու անկարողությունը միայն ճանապարհ է բացում ապագա զանգվածային ոճրագործությունների համար։ Սենատում իմ տարիների ընթացքում հպարտությամբ եմ գլխաավորել հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության ճանաչման ջանքերը։ Անցյալ տարի ես գոհունակությամբ հավանություն տվեցի պալատում եւ Սենատում երկկուսակցական օրինագծին, որով պաշտոնապես ճանաչվեց Հայոց ցեղասպանությունը։
Ընտրվելու դեպքում ես պարտավորվում եմ աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւին եւ մարդու համընդհանուր իրավունքները կդարձնեմ իմ վարչակազմի գլխավոր գերակայությունը: Այսօր ես բոլոր հայերի եւ ամերիկահայ համայնքի կողքին եմ, որն այդքան շատ բան է արել մեր ազգի համար, հիշելով եւ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերին", - նշվում է Բայդենի հայտարարության մեջ, որը մեջբերում է ԱՀՀ-ն:
Նկատենք, որ Ջո Բայդենը ԱՄՆ նախագահի առաջին թեկնածուն չէ, որը խոստանում է ճանաչել Հայոց ցեղասպանությունն այդ բարձր պաշտոնում ընտրվելու դեպքում։ Ավելի վաղ նույն խոստումը տվել էր նաև Բարաք Օբաման, ով արագ մոռացավ ամերիկահայերին տված խոստման մասին և այդպես էլ չօգտագործեց Հայոց ցեղասպանություն եզրույթը 1915թ.դեպքերի կապակցությամբ իր ելույթներում՝ իր ողջ նախագահության ընթացքում։