Արմինֆո. Հայաստանում ավելի քան 25 մլն դրամ արժողությամբ ապօրինի ծագում ունեցող գույքը կարող է բռնագանձնվել հօգուտ պետության։ <Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին> օրենքի նախագիծը քննարկման առարկա է դարձել ՀՀ Ազգային ժողովի մարտի 4-ի լիագումար նիստում:
Ինչպես իր ելույթում նշել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, փաստաթուղթը շրջանառության մեջ է գտնվում 2019 թվականի փետրվարից: Այն բազմաթիվ քննարկումներ է անցել ինչպես տեղական, այնպես էլ՝ միջազգային մակարդակով ։ Առաջին հերթին, փաթեթն ուղղված է կոռուպցիայի կանխարգելմանը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի հետ կապված գործերի քննությունը կարելի է բաժանել երեք փուլի։ Առաջին փուլում, ինչպես նշել է նախարարը, իրավասու մարմինը հավաքում է պոտենցիալ ապօրինի գույքի մասին ողջ տեղեկատվությունը, և դրա ծագման օրինականության հաստատման դեպքում դադարեցնում է ուսումնասիրությունը: Հակառակ դեպքում, իրավասու մարմինը դիմում է դատարան՝ գույքի բռնագրավման վարույթ հարուցելու միջնորդությամբ: Երկրորդ փուլում իրավասու մարմինը հավաքում է բոլոր շահագրգիռ կողմերին՝ հավաքված նյութերը ներկայացնելու նպատակով, ինչը, նախարարի կարծիքով, հնարավորություն կտա վարույթն ավարտել մինչեւ դատարան դիմելը, եթե ձեռք բերված գույքի իսկությունն օրինական ճանապարհով ապացուցվի: Եվ, վերջապես, երրորդ, եզրափակիչ փուլը հենց դատաքննությունն է, որը տեղի կունենա Քաղաքացիական դատավարության կարգով ։ Որպես լիազոր մարմին՝ հանդես է գալու Գլխավոր դատախազությունը ։ Յուրաքանչյուր կոնկրետ դեպքի վերաբերյալ ստուգումներ անցկացնելու համար վերջինիս կհատկացվի մինչեւ երեք տարի ժամկետ։ Հայց ներկայացնելու համար հիմք կարող են լինել որոշակի գործողություններ կամ քաղաքացու կարգավիճակ: Օրինակ՝ անձին մեղադրյալ ներգրավելը հանցավոր խմբավորումներում մասնակցության, զենքի եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կատարման առնչությամբ և եթե դրան զուգահեռ առկա են ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության մասին կասկածներ: Պաշտոնատար անձանց դեպքում ուսումնասիրություն հնարավոր կլինի նախաձեռնել նաև օպերատիվ հետախուզական տեղեկությունների հիման վրա։ Օրենքում գույքի բռնագանձման համար որպես <նշաձող> է սահմանված եկամուտների եւ ունեցվածքի միջեւ 50 մլն դրամի տարբերությունը: