Արմինֆո. Ընթացիկ միջազգային իրավիճակում արցախյան հակամարտության կարգավորման մասին լուրջ խոսելու հնարավորություն անգամ չկա։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը։
<Թուրքական բանակի գործողությունները Սիրիայի հյուսիսում արմատապես փոխել են գլոբալ շահերի դասավորվածությունը։ ՆԱՏՕ-ի ներսում ճգնաժամ է առաջացել. կազմակերպության առանցքային անդամները հակվում են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու գաղափարին: Նախաձեռնելով նման պատժամիջոցներ ՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իրեն բացարձակապես միեւնույն է, թե ով է ձեռնամուխ լինելու հերթական սիրիական ճգնաժամը կարգավորելուն ։ ԱՄՆ-ն չի պատրաստվում թուրքերի դեմ պատերազմել քրդերի պատճառով՝ հատկապես հաշվի առնելով այդ պատերազմում սիրիական բանակի ներգրավումը>, - նշել է նա ։
Այսպիսով՝ Դոնալդ Թրամփը, վերլուծաբանի գնահատմամբ, անուղղակիորեն այդ գործընթացում ներգրավում է Ռուսաստանին եւ Չինաստանին: Իսկ Ռուսաստանի նախագահ Պուտինն անմիջապես գործի է անցել ՝ թուրք գործընկերոջը հրավիրելով Մոսկվա։ Ըստ Սարգսյանի ՝ տեղի ունեցածը դաշնակիցների և հակառակորդների միջև նախկինում գոյություն ունեցող հարաբերությունների <լղոզման> գործընթացի անշրջելիության հերթական վկայությունն է ։ Որպես հետևանք ՝ անշրջելի են նաև փոփոխությունները ՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակով։
<Գլխավոր հարցն այս ամենի մեջ այն է, թե ինչ կլինի, երբ սիրիական և թուրքական բանակը հայտնվի միմյանց առջև։ Հատկապես հաշվի առնելով, որ Թրամփը ոչ մի վատ բան չի տեսնում Սիրիային Ռուսաստանի օգնության մեջ։ Այս բոլոր փոփոխությունները կարող են անդրադառնալ նաև Հայաստանի և Արցախի անվտանգության վրա ։ Եվ անհանգստության պատճառներն այստեղ բավական շատ են՝ հաշվի առնելով հոկտեմբերի 15-ին Բաքվում Էրդողանի և Ալիևի արած հայտարարությունները>, - ընդգծել է նա ։
Հոկտեմբերի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ նիստի ընթացքում հայտարարել է <Ադրբեջանի տարածքների՝ Լեռնային Ղարաբաղի եւ հարակից շրջանների հայկական օկուպացիայի տակ գտնվելու անընդունելիության մասին>:Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել <աջակցել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը>:
Հոկտեմբերի 14-ի նույն գագաթնաժողովում Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ հնչեցրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ <Նախչիվանը բաժանված է Ադրբեջանի մայրցամաքային մասից։ Նրանց միջև Զանգեզուրն է՝ հնագույն ադրբեջանական հող։ Դրա հանձնումը Հայաստանին թյուրքական աշխարհի աշխարհագրական խզում է ստեղծել>,- հայտարարել է Ալիևը:
Վերլուծաբանի խոսքով, դրանից անմջապես հետո ադրբեջանական մամուլը սկսեց շրջանառել այն գաղափարը, որ Ադրբեջանը պետք է Ղարաբաղում օգտագործի Թուրքիայի կողմից ստեղծված` <հակաահաբեկչական մաքրման> նախադեպը>: Ընդ որում, հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի նման գործողություններին ԱՄՆ և Ռուսաստանի աջակցության հնարավորության գնահատմանը:
Վերջին հանգամանքը չափազանց հետաքրքիր է՝ հատկապես հաշվի առնելով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարության համաձայն որի՝ <միջազգային իրադրությունը թույլ չի տալիս պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ>: Սարգսյանի խոսքով՝ Բաքվում շատ լավ հասկանում են, որ կարող են փորձել իրենց նպատակների իրականացմանը հասնել բացառապես գերտերությունների <կանաչ լույսի> ներքո, որոնք, ընդ որում, նաև կկապեն Հայաստանի ձեռքերը, ինչպես դա տեղի ունեցավ 2016թ.ապրիլին ։
<Այնուամենայնիվ, այս պահին Ադրբեջանին նման քարտ-բլանշ տալու ցանկություն որևէ մեկի մոտ չի նկատվում։ Դրա վկայությունն է հոկտեմբերի 14 - ին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստում դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի արած հայտարարությունն այն մասին, ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի >, - ամփոփել է վերլուծաբանը: