Արմինֆո. Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ԱԱԾ արխիվից մինչեւ հեղափոխությունը անհետացել են կարեւոր փաստաթղթեր:
Վանեցյանի հավաստմամբ՝ անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է, փոխանցվել է Հատուկ քննչական ծառայությանը և միացվել մարտի 1-ի գործի քննությանը: Նա հաղորդել է, որ անհետացած փաստաթղթերի մեծ մասն առնչվում է 2008 թվի մարտի 1-ի դեպքերին։ "Փաստի առնչությամբ ծառայողական քննություն է իրականացվել", - տեղեկացրել է նա, հավելելով, որ այդ փաստաթղթերում շատ ուշագրավ տեղեկություններ կան 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի մասին։
ԱԱԾ տնօրենն անդրադարձել է նաև Փաշինյանի մեկ այլ հայտարարության, թե՝ նա գերգաղտնի փաստաթուղթ ունի 2014 թ. Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, որում, Փաշինյանի պնդմամբ, խոսվում է պետական ինստիտուտների կոռումպացվածության հետևանքով ՀՀ-ում համատարած ինստիտուցիոնալ ճգնաժամի մասին: Վանեցյանը հավաստիացրել է, որ ծանոթ չէ գաղտնի փաստաթղթի բովանդակությանը ։ "Եթե ծանոթանալով՝ տեսնեմ, որ այդ փաստաթղթերում կան հանցակազմ պարունակող նյութեր, իհարկե, դրանց ընթացք կտրվի, եթե ոչ, ուրեմն՝ ոչ", - ասել էց Վանեցյանը:
Հավելենք, որ այսօր Բի-բի-սի-ն, վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված 2008 թվականի մարտի 1-ի գործի վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր, հաղորդել է, թե 2008 թվականի մարտին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ցուցարարների գնդակահարությունն իրականացվել է Արցախի Պաշտպանության բանակի ղեկավարի նախկին տեղակալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) հրամանով: Ըստ աղբյուրի, գործում առկա են նաև Հայաստանի երկու նախկին նախագահներ, ինչպես նաև երկու խոշոր օլիգարխներ, որոնց անունները չեն հրապարակվում։