Արմինֆո. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մայիսի 6-ին հրապարակել է <Նացիզմի հերոսականացման, նեոնացիզմի տարածման և գործունեութան այլ տեսակների իրավիճակի մասին, որոնք նպաստում են ռասիզմի ժամանակակից ձևերի, ռասայական խտրականության, այլատյացության և դրա հետ կապված անհանդուրժողականության սրմանը> զեկույցը, որի պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր եւ պարունակում է ձեւակերպումներ, որոնք տարակուսանք են առաջացնում: Այսպես՝ ուսումնասիրելով Ադրբեջանի մասով զեկույցը, մի շարք հարցեր են ծագում։
Մասնավորապես, զեկույցում նշվում է, որ <Ադրբեջանում գործնականում բացակայում են նեոնացիզմի, ռասիզմի, ռասայական խտրականության եւ այլատյացության դրսեւորումները, իսկ ԱՀ-ի ղեկավարությունն իր երկիրը ներկայացնում է որպես տարբեր ազգերի եւ կրոնների ներկայացուցիչների հանդուրժողական կեցության պետություն>:
Դինաստիական Ադրբեջանի հասցեին նման ձեւակերպումները ոչ միայն կանխակալ են, այլեւ խեղաթյուրում են այդ ոլորտում Ադրբեջանի իրական վիճակը, ընդ որում ՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության արձանագրած և ամիսներ առաջ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից հրապարակված եւ մեկնաբանված իրավիճակը: Խոսքն ազգային հատկանիշով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման և Ադրբեջանից արտաքսման անթույլատրելիության մասին է ։ Զախարովան հայկական ծագում ունեցող Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների այդ գործողությունները որակել է որպես ՌԴ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտում: Մինչդեռ, ըստ երևույթին, այդ հանգամանքները բոլորովին չեն շփոթեցրել վերոնշյալ զեկույցի հեղինակներին, որոնք մի ամբողջ <ձոն> են նվիրել այն բանին, թե ինչքան լավ է օտարերկրացիներ համար Ադրբեջանում ապրելը:
Մինչդեռ, ուսումնասիրելով Հայաստանի վերաբերյալ զեկույցը, բախվում ես <նացիզմի վերականգնման ակնհայտ փորձեր, նեոնացիստական տրամադրությունների բռնկումներ Հայաստանում չեն արձանագրվել> երկակի ձևակերպման: Այդ ձևակերպումը լուրջ մտորումների տեղիք է տալիս, որովհետև չնայած Հայաստանը միատարր պետություն է, այնուամենայնիվ, վերը նշված ուղղություններով որևէ դրսևորում չի արձանագրվել։ Սակայն, շարունակելով ուսումնասիրել զեկույցը՝ սկսում ես հասկանալ, թե <որտեղ է շան գլուխը թաղված>: Զեկույցի հեղինակները, մասնավորապես, նշում են, որ նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը քայլեր է ձեռնարկել ազգայնական բնույթի այնպիսի քաղաքական գործչի հիշողության հավերժացման ուղղությամբ, ինչպիսին է Գ. Նժդեհը, որի մասին տեղեկություն կա Երրորդ ռեյխի հետ համագործակցության վերաբերյալ:
Հատկանշական է, որ ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով այդ թեմայով ռուսական կողմի հայտարարություններին, բազմիցս ընդգծել է, որ Գարեգին Նժդեհը Հայաստանի ազգային հերոս է, ինչպես Ալեքսանդր Նևսկին, Ալեքսանդր Սուվորովը, մարշալ Կուտուզովը, Բագրատիոնը` եղբայրական ռուս ժողովրդի համար: <Որպես պատմաբան՝ ցանկանում եմ ընդգծել, որ Գարեգին Նժդեհը ֆաշիզմի և ազգայնամոլության հետ որևէ կապ չի ունեցել: Նժդեհը ազգանամոլ չէ, նա հայ հայրենասեր է. անթույլատրելի և անհարկի է այդ հարցի շահարկումը>,-հավելել է նա: Ռուսաստանի ԱԳՆ զեկույցում ուշադրություն է դարձվում նաեւ <Սասնա Ծռեր> կուսակցությանը, որը ներկայացվում է որպես ազգայնական կողմնորոշման կուսակցություն ։
Զեկույցը կազմելիս նման երկակի ստանդարտների դրսեւորումը շատ հարցեր է առաջացնում եւ, ցավոք, ստիպում են մտածել կամ հայ - ռուսական հարաբերությունների որակի, կամ էլ ՌԴ ԱԳՆ աշխատակազմում ընթացակարգային լուրջ անհամապատասխանությունների, կամ <խավիարային> դիվանագիտության մասին:
Նկատենք նաև, որ զեկույցի բովանդակության վերաբերյալ հայաստանյան մի շարք քաղաքագետներից մեկնաբանություններ ստանալու Արմինֆո-ի փորձերը ապարդյուն են անցել։ Ընդ որում՝ գործակալությունը միտումնավոր հրաժարվել է արեւմտամետ տրամադրված փորձագետներին զանգահարելուց։