Արմինֆո.Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծում չի կարող լինել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթից հետո պատասխանելով հանձնաժողովի անդամների հարցերին:
Նրա խոսքով, կողմերը պետք է ստեղծեն համապատասխան մթնոլորտ խաղաղ հանգուցալուծման հասնելու համար: <Սեպտեմբերին ես աննախադեպ հայտարարությամբ հանդես եկա խորհրդարանում առ այն, որ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ ես հույս ունեի, որ նմանատիպ հայտարարություն կհնչի Ադրբեջանից, այդ երկրի նախագահի կողմից, սակայն, ցավոք, այդ հույսերը չարդարացան: Ընդհակառակը, Ադրբեջանը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել՝ հայտարարելով, որ իրենք պատրաստ են հակամարտությունը լուծել ուժի միջոցով՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ազգաբնակչության շահերը: Կարծում եմ, որ այս պայմաններում դժվար է ակնկալել խնդրի շուտափույթ լուծում>,- ասել է Փաշինյանը:
Ինչպես նշել է Փաշինյանը, կարևոր է նաև բանակցությունների ձևաչափի հարցը: <Միջազգայնորեն ընդունված է, որ Ղարաբաղյան հակամարտությունն ունի երեք կողմ, ինչն ամրագրվեց 1994 թվականին Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ: Սակայն մինչ այսօր բանակցություններում ներգրավված է եղել միայն երկու կողմ, և ցավոք, Հայաստանն ու Ադրբեջանը բանակցել են առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության: Այդպես է եղել թերևս այն պատճառով, որ Հայաստանի նախորդ ղեկավարները ծնունդով Ղարաբաղից էին և համարում էին, որ իրենք կարող են ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շահերը:
Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի վարչապետը: Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն մասնակցում հայաստանյան ընտրություններին և չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ուստի ես չեմ կարող բանակցել նրանց անունից: Հետևաբար, հարցի երկրորդ կողմն այն է, որ պետք է ստեղծել բանակցությունների համապատասխան ձևաչափ, ինչն անհնար է առանց այդ գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներգրավման>,- ասել է վարչապետը: