Արմինֆո. Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում՝ Գյումրիում 57-ամյա կնոջ սպանության մեջ մեղադրվող 102-րդ ռազմակայանի զինծառայողին հայկական արդարադատությանը հանձնելու պահանջով:
Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցն իրադարձությունների վայրից, ցուցարարները նշում են, որ անհրաժեշտ է կարգավորել ռուս զինվորների և ռուսական ռազմական տեխնիկայի տեղաշարժը Հայաստանի տարածքում: <Դրա համար անհրաժեշտ է ընդունել նոր օրենք: Երկրորդ՝ անհրաժեշտ է բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ Հայաստանում ռուսական ռազմակայանի աշխատակիցների պատասխանատվության և պարտականությունների շուրջ>,- հայտարարել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Ցուցարարները նաև հայտարարել են, որ Հայաստանի իշխանություններն այդպես էլ միջոցներ չեն ձեռնարկել ռուսական ռազմակայանի զինվորների գործողությունների կանոնակարգման համար: <Պահանջում ենք, որպեսզի ռուս զինվորականները հարգեն Հայաստանի օրենսդրությունը և պահպանեն այն երկրի տարածքում: Պահանջում ենք նաև 102-րդ ռազմակայանի զինծառայողի կողմից գյումրեցի կնոջ դաժան սպանության գործի արդար հետաքննություն>,- նշել են ակցիայի մասնակիցները:
Ակցիայի մասնակիցները մտադիր էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանին հանձնել բողոքի հանրագիր, սակայն նրանց հետ ոչ ոք չի հանդիպել: Արդյունքում ցուցարարները հանրագիրը թողել են դեսպանատան փոստարկղում: