Արմինֆո. <Սասնա Ծռեր> համահայկական կուսակցության Քարտուղարությունը հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու պահանջի ցույցերի վերաբերյալ:
<Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուղին արյան և թալանի հետագիծ է։ Արցախյան ազատամարտի տարիներին և դրանից հետո նրա կառավարումն ուղեկցվել է երևելի հրամանատարների և քաղաքական ու հասարակական գործիչների սպանություններով և ավարտվել 2008 թ. մարտի 1- ին Երևանի կենտրոնում մեր քաղաքացիների գնդակահարությամբ։
Ստեփանակերտում նրա կողմնակիցների կազմակերպած ցույցի ժամանակ բացեիբաց ժխտում էին այսօրվա Հայաստանի հետ Արցախի վերամիավորման գաղափարը։ Ռոբերտ Քոչարյանին և նրա կողմնակիցներին, փաստորեն, պետք է միայն այնպիսի պետություն, որտեղ իրենք են իշխում և կարող են սպանել ու բռնագաղթի ենթարկել հայ ժողովրդին։ Շատ ցավալի է, որ անգամ պետականության և ազգի ապագայի համար իրական սպառնալիքները բացահայտող նման դրսևորումներից հետո մենք շարունակում ենք մնալ և ապրել երկակի ստանդարտների իրականության մեջ։ Մի իրականություն, որտեղ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը, սակայն նույն այդ սահմանադրական կարգը վերականգնելու համար ընդվզած Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը կեղծ մեղադրանքով դեռևս բանտում են։ Ժամանակն է հրաժարվելու երկակի ստանդարտների իրականությունում ապրելու խիստ վտանգավոր մոտեցումներից և, ազնվորեն խոստովանելով դրա անհեթեթությունը, ազատ արձակելու բոլորիս արժանապատիվ և անվտանգ կյանքով ապրելու համար իրենց կյանքը զոհասեղանին դրած Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին>,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ դեկտեմբերի 11-ին շուրջ 80-100 մարդ է արձագանքել <Ազատություն նախագահին> նախաձեռնող խմբի կոչին, ովքեր հավաքվել են Հանրապետության հրապարակում և պահանջել ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով, հանրապետության դատարանների վրա աննախադեպ ճնշում է գործադրվել, և եթե Ռոբերտ Քոչարյանն ազատ չարձակվի, դա կնշանակի երկրում անկախ դատարանների բացակայություն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանն ուժի է մեջ է թողել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի վճիռը: Երկրորդ նախագահի գրասենյակը քաղաքական վենդետա է անվանել կալանքը: ՀՀԿ-ն դա որակել է՝ որպես գործող իշպանությունների կողմից քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ նախընտրական ճնշում: