Արմինֆո. Կառավարության որոշմամբ 50 մլն դրամ կհատկացվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամին ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաև 2016 թ. ապրիլի 2-6-ը ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով:
Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բազմաթիվ դիմումներ և հարցումներ է ստանում վերոնշյալ անձանցից՝ ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցում ստանալու խնդրանքով: Նախարարությունը քննարկել է հարցը և, հիմք ընդունելով նախորդ տարիների ցուցանիշները, նախատեսում է ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից 649 ուսանողներին և երկու և ավելի երեխա ունեցող 112 ուսանողներին ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում տրամադրել: Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձերը կզեղչվեն 20 տոկոսով, իսկ երկու և ավելի երեխա ունեցողներինը՝ 100 տոկոսով: Վերջիններիս համար նախարարությունը նախատեսում է տրամադրել ևս 30 մլն դրամ:
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայում Կենտրոնական բանկի հետ քննարկվում են ուսանողական վարկերի տոկոսների նվազեցման տարբերակները: «Հույս ունեմ, որ սա էական աջակցություն կլինի: Բայց ընդհանուր առմամբ մենք պետք է գտնենք մեխանիզմներ, որոնցով բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների հետագա ուսումնառության համար որևէ սպառնալիք չառաջանա: Նրանք իսկապես պետք է լինեն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներ, ինչը նաև խթան կհանդիսանա կրթության առավել բարձր պահանջ ձևավորելու համարե,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ 13,762.6 հազար դրամ կհատկացվի ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ Հայաստանի բարձրագույն, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2018-2019 թթ. ուսումնական տարվա ուսման վարձեր հատկացնելու նպատակով: 2018 թ. ուսման վարձի փոխհատուցման կարիք ունի 293 սիրիահայ ուսանող: Ըստ հիմնավորման՝ 246 սիրիահայ ուսանողի ուսման վարձի 50 տոկոսը վճարում է ուսանողը, 50 տոկոսը՝ «Գալուստ Կիւլպէնկեանե հիմնարկության, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Լոնդոնի Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամի միջոցների հաշվին: Իսկ 47 սիրիահայ ուսանողի ուսման վարձի 50 տոկոսը վճարում է ուսանողը, իսկ 50 տոկոսը՝ պետբյուջեի միջոցների հաշվին, որը կազմում է 13,762.6 հազար դրամ: