Արմինֆո.<Ժառանգություն> կուսակցությունը Հայաստանում անցկացված արտահերթ խրհրդարանական ընտրությունները որակել է՝ որպես ազատ, արդար և թափանցիկ: Այդ մասին ասվում է կուսակցության՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:
Միաժամանակ կուսակցությունն իրավապահ մարմիններին կոչ է անում հետամուտ լինել քվեարկության օրը որոշ տեղամասերից ստացված ահազանգերին շուտափույթ արձագանքելու, տեղ գտած ընտրախախտումները բացահայտելու եւ իրավական ամենախիստ գնահատական տալու ակնկալիքների իրականացմանը՝ այն հաշվով, որպեսզի հետագայում իսպառ բացառվի նման երեւույթների կրկնությունը: <Քաղաքական տեսանկյունից եւս Նոր Հայաստանն իրողություն է, քանի որ հանրապետության քաղաքացին ունի իր քվեով ձեւավորած բարձրագույն օրենսդիր մարմին, ինչը լեգիտիմ գործադիր ատյանի՝ Կառավարության առաջնակարգ պահանջներից էր: Որպես արդի Հանրապետության ակունքներում կանգնած ուժ՝ մենք վերստին փաստում ենք, որ տերն ենք դեռեւս 2013թ. ապրիլի 9-ին Նոր Հայաստանին ու ՀՀ քաղաքացուն տված մեր ուխտին՝ հավատարիմ մնալու հայոց փխրուն պետականության ամրապնդման հրամայականին եւ բոլոր ուժերն ու միջոցները ի սպաս դնելու նորանկախ Հայրենիքի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերների դիմագրավման, ազգին կենսականորեն հուզող խնդիրների լուծման առաքելությանը>,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ:
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը գտնում է, որ անցած ընտրությունները շատ ավելի լիբերալ էին: Այնուամենայնիվ, կուսակցությունը գտնում է, որ սահմանադրական բարեփոխումներից և ընտրական օրենսդրության բարեփոխումներից հետո պետք է անցկացվեն նոր ընտրություններ, որոնք կապահովեն գաղափարական մրցակցություն:
Գործնականում նույն դիրքորոշումն ունի <Սասնա ծռեր> կուսակցությունը, որը նույնպես հանդես է գալիս երկու տարի անց՝ որոշակի օրենսդրական և սահմանադրական բարեփոխումների հետո, նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման օգտին: Խոսելով խորհրդարանական ընտրություններում կուսակցության անհաջողության մասին՝ վերջինիս ներկայացուցիչ Ստեփան Գրիգորյանը հայտարարել է, որ կուսակցության դեմ աննախադեպ հակաքարոզչություն է իրականացվել: Խոսելով ապագա խորհրդարանի մասին՝ նա ընդգծել է, որ այնտեղ բացակայելու է իրական ընդդիմությունը: Նրա խոսքով, <Բարգավաճ Հայաստան> և <Լուսավոր Հայաստան> կուսակցությունները միայն ֆորմալ կերպով են ընդդիմություն: <Պարզ է, որ գաղափարական տեսակետից որևէ հակակշիռ խորհրդարանական մեռծամասնությանը, ըստ էության, չի լինի>,- նշել է նա:
Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունները նույնպես հանդես են եկել հայտարարությամբ, որում գոհունակությամբ նշում են, որ Հայաստանում վերջապես ձևավորվում է լեգիտիմ իշխանություն , որը երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման բացառիկ երաշխիքն է։ <Համոզված ենք, որ նորընտիր Ազգային ժողովի և նրա քաղաքական մեծամասնության կողմից ձևավորվող կառավարության ուշադրության կենտրոնում կլինեն նաև ջավախքահայությանը հուզող խնդիրները>,-ասված է հայտարարության մեջ: