Արմինֆո. «Մենք՚ դաշինքի առաջնորդ Արամ Սարգսյանը գոհ է ԱԺ արտահերթ ընտրությունների համաժողովրդական քվեարկության ընթացքից: Դեկտեմբերի 9-ին կատարելով իր քաղաքացիական պարտքը` Արամ Սարգսյանը լրագրողներին հաղորդել է, թե վաղուց է երազել, որ ժողովուրդը առանց խախտումների, առանց փող վերցնելու, առանց ճնշումների, հանգիստ, իր կամքով գա ընտրության, ինչի համար պայքյարել է 18 տարի:
«Մենք» դաշինքի առաջնորդը համոզմունք է հայտնել, որ եթե երկրում արդար ընտրություններ լինեն՝ մնացած ամեն ինչ տեղը կընկնի։ Նա նաև կարծիք է հայտնել, որ այսօր կարևորագույն ընտրություններ են, որոնք հետք կթողնեն Հայաստանի թե ներկայի, թե ապագայի վրա: Արամ Սարգսյանը գոհունակություն է հայտնել նաև նախընտրական քարոզարշավի առնչությամբ, որոնք, նրա բնորոշմամբ, աչքի են ընկել քարոզիչների հավասարության, հնարավորությունների և ամեն ինչի առումով։ «Միակ թերությունը, որից անընդհատ բողոքել եմ, կարճ ժամանակն էր։ Միգուցե դա մեր համար նշանակություն ուներ, որովհետև «Մենք» դաշինքը նոր ձևավորված էր, բայց մնացած առումներով, կարծում եմ, ովքեր որ հանրությանը հայտնի են, իրենց համար դա խոչընդոտ չի՚, - ասել է «Մենք դաշինքի առաջնորդը, որում միավորվել են Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն՚ և Խաչատուր Քոքոբելյանի գլխավորած «Ազատ դեմոկրատներ՚ կուսակցությունները:
Այսօր Հայաստանում անցկացվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում են 2 դաշինք և 9 կուսակցություն` «Իմ քայլը՚ և «Մենք՚ դաշինքները, ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Լուսավոր Հայաստան՚, «Քաղաքացու որոշում՚, «Ազգային առաջընթաց՚, «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ՚ և «Սասնա Ծռեր՚ կուսակցությունները: Խորհրդարան անցնելու համար դաշինքները պետք է հաղթահարեն 7 տոկոսի, իսկ կուսակցությունները` 5 տոկոսի շեմը: Եթե անցողիկ շեմը հաղթահարի միայն երկու քաղաքական ուժ, ապա երրորդ տեղն զբաղեցնող ընտրական մրցակիցն, անկախ քվեարկության արդյունքից, նույնպես կստանա մանդատներ, քանի որ ՀՀ սահմանդրությունը երաշխավորում է երեք կուսակցությունների կամ դաշինքների առկայությունը բարձրագույն օրենսդիր մարմնում: