Արմինֆո. Նոյեմբերի 20-ին ԱԳ նախարարի պաշտնակատարը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրի քննարկման շրջանակներում հանդիպել է դոնոր երկրների դեսպանների, ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատայնի-Դրագոնիի և ԵԽ գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությւոնից, հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2015-2018թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացված ծրագրերին, արձանագրված արդյունքներին, ինչպես նաև 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր: ԱԳՆ ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի կարևոր գործընկերներից է ժողովրդավարության խորացման և քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացման ճանապարհին, և կառավարությունը հանձնառու է ընդլայնելու ու ամրապնդելու այդ փոխգործակցությունը: Այս առումով նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել ԵԽ փորձագիտական ու մասնագիտական կարողությունների ներդրումը մեր երկրում իրականացվող ժողովրդավարական գործընթացներում: Նա ընդգծել է ԵԽ Գործողությունների ծրագրի թիրախային ներգրավվածության անհրաժեշտությունը Հայաստանի համար առավել կարևորություն ներկայացնող ոլորտներում։
Զոհրաբ Մնացականյանը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին զարգացումները՝ ընդգծելով կառավարության հանձնառությունը ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա իրականացնելու բարեփոխումների համապարփակ օրակարգ՝ ուղղված երկրում օրենքի գերակայության և արդարադատության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, սոցիալական և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռմանը: Նախարարի պաշտոնակատարը զրուցակիցների հետ մտքեր է փոխանակել Եվրոպայում ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակի ու միջազգային կարևորություն ներկայացնող մի շարք արդի հարցերի շուրջ։