Արմինֆո.Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի Ֆրանսիա հրավիրելուն: «Փարիզի նման գործողությունները ստիպում են Ադրբեջանին վերանայել հարաբերությունները Ֆրանսիայի հետ», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«Բակո Սահակյանի այցը, ով իրեն ներկայացնում է որպես անօրինական կառույցի ղեկավար, որն ստեղծվել է Ադրբեջանի գրավյալ տարածքներում, այդ խամաճիկային ռեժիմը միջազգային մակարդակով գովազդելու ևս մեկ անհաջող փորձ է», - «Թուրան» լրատվական գործակալության հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը:
Մասնավորապես, ասվում է. «Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված անօրինական ռեժիմի քարոզչության համար պայմանների ստեղծումը լրջորեն է բարձրացնում դրա օբյեկտիվության և անկողմնակալության հարցը, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի և բանակցային գործընթացում միջնորդ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի`հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում»:
Ադրբեջանի տարածքների օկուպացման մեջ անմիջականորեն ներգրավված անձանց և հարյուր հազարավոր ադրբեջանցիների էթնիկ զտումների մեջ մասնակություն ունեցող անձանց համար հանդիսավոր ընդունելություն կազմակերպելու Ֆրանսիայի թույլտվությունը լուրջ հարված է այդ երկրի հեղինակությանն ադրբեջանական հասարակության առջև: Ադրբեջանը դիվանագիտական ուղիներով իր վճռական բողոքը կհայտնի ֆրանսիական կողմին, այդ հարցի առնչությամբ:
«Ֆրանսիայից երկակի ստանդարտների վրա հիմնված հետևողական մոտեցումն Ադրբեջանին ստիպում է վերանայել իր հարաբերությունները Ֆրանսիայի հետ», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ղեկավարը գտնվում է Փարիզում, որտեղ մասնակցում է «Հայաստան» հեռուստաընկերության «Հեռուստամարաթոն -2018» համահայկական հիմնադրամի հեռամարաթոնին`ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար միջոցներ ներգրավելու նպատակով: