Արմինֆո.Կառավարման խորհրդարանական մոդելը լավագույնն է Հայաստանի համար, սակայն անհրաժեշտ է բարեփոխել սահմանադրությունը: Լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Նրա ասելով, Ստեղծվում է տպավորություն, որ Հայաստանի գործող սահմանադրությունը «կարվել է 1-2 մարդու չափերով՚: «Սահմանադրությունը չափազանց լայն լիազորություններով է օժտում վարչապետին, մինչդեռ նախագահը հիշեցնում է «հարսանեկան գեներալի՚ (պաշտոնթող- խմբ.) : Իհարկե, կան երկրներ, որտեղ նախագահը, գործնականում, լիազորություն չունի, օրինակ, Գերմանիան, բայց այնտեղ խորհդրարանը երկպալատ է, այսինքն, գործում է զսպման և հակակշիռների համակարգ, ինչ չի կարելի ասել Հայաստանի պարագայում: Հանրապետությունում չկա, նույնիսկ, Ներքին գործերի նախարարություն: Այն երկրներում, որտեղ այդպիսի գերատեսչություն չկա, հաստատված է կառավարման կամ նախագահական, կամ բռնապետական ձև՚, - նշել է դիվանագետը: Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանում գործող սահմանադրությունը ոչ մի լիազորությամբ չի օժտում մեծաթիվ սփյուռքահայերին: Սվիտալսկու կարծիքով, խորհրդային ժամանակների կարոտախտը, որը հայ հասարակության շրջանում գերակշռում է, ազդում է նաև կառավարության աշխատանքի վրա: «Դա նկատել էր, անգամ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, որի կառավարությունը մեկ շաբաթվա ընթացքում 56 որոշում էր կայացնում, և նա սկսել էր պայքարն այդ երևույթի դեմ, սակայն 2016 թվականի նոյեմբերից դադարեց աշխատել այդ ուղղությամբ՚, - նշել է դիվանագետը:
Անդրադառնալով ընտրություններին «Սասնա Ծռեր՚ կուսակցության մասնակցությանը` Սվիտալսկին նկատել է, որ նման օրինակներ եղել են թե Իսրայելում, թե Իռլանդիայում, թե եվրոպական այլ երկրներում, երբ խորհրդարան են անցել գործիչներ և ուժեր, որոնք քաղաքական պայքար են ծավալել բռնի եղանակներով: «Այդ հարցը պետք է լուծի ինքը` հայ ժողովուրդը, մենք այստեղ խորհրդատու չենք: Սակայն կան հարցեր, որոնց առնչությամբ հարկավոր է մեզ լսել՚, - ամփոփել է նա: