Արմինֆո.Հայաստանում վերջին հեղափոխական գործընթացները վկայում են երկրում սահմանադրականության իրական դեֆիցիտի մասին: Այդ մասին նոյեմբերի 1-ին <Նոր հազարամյակի սահմանադրականությունը> միջազգային խորհրդաժողովի ժամանակ նշել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը:
<Նոր իրողություններում մեր խնդիրն է՝ գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնցից կախված են մարդկային ճակատագրերը: Խնդիրն ավելի մեծ կարևորություն է ձեռք բերում, քանի որ սահմանադրական քննարկումները հաճախ իրենց տեղը զիջում են սիրողական կարծիքներին ու քաղաքական շահարկումներին և հղի են լուրջ վտանգներով: Ձեզանից շատերը շատ լավ գիտեն, որ նոր հազարամյակի սահմանադրականության մասին իմ նախկին ելույթներում հիմնական շեշտը դրել եմ այդ եզրույթի էության, դրա բովանդակության բացահայտման, սահմանադրականության դեֆիցիտին նպաստող գործոնների վերլուծության, ինչպես նաև սահմանադրության և սահմանադրականության միջև անսասան կապի ապահովման հարցի վրա>,- նշել է Հարությունյանը:
Նրա խոսքով, ինքը բազմիցս բարձրաձայնել է խնդրի մասին, որ սահմանադրականության դեֆիցիտի հետագա խորացումն անխուսափելիորեն կհանգեցնի բացասական սոցիալական տարրերի կուտակման, որոնք հավաքելով կրիտիկական մասսա՝ անխուսափելիորեն կհանգեցնեն տարբեր կատակլիզմների և սոցիալական պայթյունի: Հարությունյանը փաստել է, որ սահմանադրականության բացակայությունը տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, դրսևորվել է քաղաքական, տնտեսական և վարչական ներուժների սերտաճմամբ, որոնք վտանգի տակ են դրել ազգային անվտանգությունը և օլիգարխիկ ու կոռուպցիոն համակարգերի արմատավորման պատճառ դարձել: Նրա խոսքով, այդ խնդրի մասին բազմիցս բարձրաձայնվել է ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից: Բարձրագույն դատական խորհրդի նախագահը փաստել է, որ Հայաստանում վերջին գործընթացներն այդ դրսևորումների հետևանք էին: <Համոզված եմ, որ Հայաստանում վերջին հեղափոխական գործընթացները վկայում են երկրում սահմանադրականության իրական դեֆիցիտի մասին: Միաժամանակ Հայաստանում իրադարձություններն ունեցել են իրենց առանձնահատկությունները, որոնցից ամենագլխավորը հավաքների բացառապես խաղաղ բնույթը և հասարակական լայն աջակցությունն է և այն, որ հեղափոխական փոփոխությունների գործընթացն իրականացվել է՝ Սահմանադրության փոփոխությունների համաձայն: Վստահ եմ, որ եթե սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ նախադրյալներ չստեղծեին իշխանության խաղաղ և սահմանադրական փոփոխության համար, սահմանադրականության դեֆիցիտի հետագա խորացումը կհանգեցներ էլ ավելի մեծ սոցիալական պայթյունի՝ անկանխատեսելի հետևանքներով>,- համոզմունք է հայտնել Հարությունյանը:
Նա նաև գտնում է, որ վերոհիշյալ դեֆիցիտի հաղթահարման համար անհրաժեշտ է կայուն զարգացման, սահմանադրական ինստիտուտների ամրապնդման միջոցով ապահովել օրենքի գերակայությունը: