Արմինֆո. Այսօր կառավարության նիստում կայացված որոշման համաձայն, ՀՀ Ազգային ժողովի նախագահին առաջարկվել է հոկտեմբերի 31-ին ժամը 11:00-ին ԱԺ արտահերթ նիստ գումարել:
Ներկայացնելով արտահերթ նիստի օրակարգի նախագիծը` արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հաղորդել է, որ դրանում ներառված է կալանավորների համաներման հարցը: Համաներումն անցկացվում է Երևանի 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ: Հիշեցնենք, որ վերջին անգամ համաներում հայտարարվել է 2013 թվականի հոկտեմբերին:
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն, իր հերթին, հաղորդել է, որ նույն օրը խորհրդարանում կընթանա վարչապետի ընտրություն, սակայն` ուրիշ ժամի, և չի խանգարի համաներման հարցի քննարկմանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովի նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետի պաշտոնում: Եթե առաջիկա 7 օրվա ընթացքում կրկին կառավարության ղեկավար չընտրվի, Ազգային ժողովը կարձակվի, և կանցկացվեն վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ, որոնք տեղի կունենան մոտավորապես դեկտեմբերի 7-8-ին: