Արմինֆո.Ազգային ժողովը քննարկում է վարչապետի պաշտոնի համար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Նա միակ թեկնածուն է, ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը:
Ինքը` Փաշինյանը, հայտարարել է, որ իր թեկնածությունը ֆորմալ բնույթ է կրում, և դա արվում է ՀՀ սահմանադրության նորմերի ապահովման համար: «Իմ առաջադրումը կրում է ֆորմալ բնույթ։ Ես առաջադրվել եմ, որ ոչ թե վարչապետ ընտրվելու, այլ չընտրվելու համար, հետևաբար Ազգային ժողովը չպետք է քվեարկի իմ օգտին։ Իսկ առաջադրման իմաստը առաջիկա խորհրդարանական ընտրությունների լեգիմտիմության շուրջ շահարկումների որևէ հնարավորություն չթողնելն է, առաջիկա ընտրությունները կասեցնելու որևէ իրավական սողանցք բացառելը, ինչին ես ավելի ուշ ավելի մանրամասն կանդրադառնամ։ Այս պահին ուզում եմ ընդգծել, որ միանշանակ է և աներկբա, որ առաջիկա դեկտեմբերին ունենալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք, ի վերջո, պետք է դառնանան Հայաստանում 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության վերջնական հաղթանակի հանգրվանը», - իր ելույթում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե , պարզապես, իշխանափոխություն, այլ` հեղափոխություն, ինչը պայմանավորված է Հայաստանում հասարակական կարգի իրական փոփոխությամբ: Նիկոլ Փաշինյանի ասելով, դրա իմաստն այն է, որ մինչև 2018 թվականի ապրիլը գերիշխող քաղաքական ուժը քրեական տնտեսական և քաղաքական վերնախավն էր, որին պատկանում էր ողջ իշխանությունը: «Սակայն հեղափոխությունից հետո Հայաստանում գերիշխող քաղաքական գործոն, որոշիչ քաղաքական ուժ է դարձել ժողովուրդը, որը կարողացել է այդ քաղաքական և տնտեսական վերնախավին պարտադրել իր զորակցությունը վայելող թեկնածուի առաջադրումը Հայաստանի վարչապետի պաշտոնում՚, - ասել է Փաշինյանը:
Նա հայտարարել է, որ հեղափոխությունից հետո էլ Հայաստանի իշխանություններն ստիպված են գործել հների հետ սուր դիմակայության պայմաններում: «Մեր բոլոր որոշումները շահարկվում են նախորդ կառավարող ռեժիմի ներկայացուցիչների կողմից, որոնք ԶԼՄ-ների և որոշակի հասարակական շրջանակների նկատմամբ ներգործության ճանապարհով փորձում են ստեղծել դժգոհության մթնոլորտ, սակայն մենք գիտենք այդ ամենի մասին և միանշանակ ասում ենք. հնին վերադարձ չի լինելու: Կոռուպցիային և արյունահեղությանը մեղսակից ոչ մի պաշտոնյա անպատիժ չի մնալու, տեղ չի զբաղեցնելու նոր կառավարությունում՚, - հավաստիացրել է Փաշինյանը:
Նա նաև ընդգծել է, որ մարտի 1-ի գործը լիովին բացահայտվելու է, և դրանում թող ոչ ոք չկասկածի: «Կոչ եմ անում հոգեբանորեն պատրաստ լինել գործի ողջ ծավալին, քանի որ հեշտ չի լինելու իմանալ այն ամենը, ինչ, ես վստահ եմ, շուտով իմանալու եք՚, - հավաստիացրել է նա` խոստանալով առաջիկայում նոր աղմկահարույց բացահայտումներ: «Առաջիկայում հասարակայնությունը կիմանա Երրորդ Հանրապետության պատմության ամենաաղմկահարույց կոռուպցիոն բացահայտման մասին՚, - հավաստիացրել է նա, հաղորդելով, որ խոսքը վերաբերում է մեկ պատգամավորի: «Նա պետք է կալանավորվի, սակայն դրա համար պահանջվում է ընդամենը մեկ թղթի կտոր, որն արդեն մի քանի ամիս քննությունը չի կարողանում ստանալ՚, - պարզաբանել է Փաշինյանը: Ընդ որում, վարչապետի պաշտոնի թեկնածուն այդ պատգանավորի անունն այդպես էլ չի բացահայտել, ասելով ընդամենը, որ այդ գործը տանում է բազմաթիվ այլ քրեական բացահայտումների:
Նա վերստին հայտարարել է, որ ժողովրդից թալանված միջոցները, միանշանակ, պետք է վերադարձվեն` մինչև վերջին լուման: Նրա ասելով, կաշառք վերցնող պաշտոնյաներին այսօր ոգեշնչում են ԱԺ դահլիճում նստած անձինք, որոնք խոստանաում են ռևանշ: Նա հավելել է, որ վերջին ժամանակները եղել է ռևանշի, առնվազն, երեք փորձ: «Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբման փորձը, ԱԺ կանոնակարգի փոփոխության շուրջ քվեարկությունը և ընդունումը և Ընտրական օրենսգրքի շուրջ քվեարկության տապալումը՚, - պարզաբանել է Նիկոլ Փաշինյանը: