Արմինֆո.Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է <Ելք> խորհրդարանական խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:
Պատգամավորը նշել է, որ «Ելքե խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: <Ինչպես արդեն ասվել է, այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում և մեր խնդիրն ընդամենը ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի ապահովումն է, որպեսզի հետագայում իրավական սահմանումների հետ կապված տարընթերցման առիթներ չլինեն: Այս անգամ անհրաժեշտ է, որ Ազգային ժողովը չընտրի վարչապետ, որպեսզի իրավունքի ուժով Ազգային ժողովը լուծարվի>,- ասել է Նազարյանը:
Նշենք, որ վարչապետի պաշտոնում թեկնածու առաջադրելու առնչությամբ իրավաբանների կարծիքները տարբերվել են. մի մասը գտնում էր, որ կարելի է թեկնածու չառաջադրել, մյուս մասը հակված էր այն բանին, որ պետք է առաջադրել, բայց չընտրել:
Վարչապետի պաշտոնում թեկնածուներ առաջադրելու ժամկետը լրանում է այսօր՝ 18:00-ին: Վաղը պետք է տեղի ունենա արտահերթ նիստ, որիժամանակ կկայանա վարչապետի թեկնածուի առնչությամբ քվեարկություն:
Եթե խորհրդարանը երկու անգամ վարչապետ չընտրի, այն օրենքի ուժով կցրվի: