Արմինֆո. Հոկտեմբերի 2-ի հանրահավաքի ընթացքում միջադեպերի և մեքենաների վնասման մասին պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարությունը չի հաստատվել: Այդ մասին «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երեկ ԱԺ-ում Արմեն Աշոտյանի հրապարակած տեղեկությունները, թե հոկտեմբերի 2-ի երեկոյան հանրահավաքի ընթացքում ապակիներ են ջարդվել, մեքենաներ են վնասվել, միջադեպեր են եղել, չեն հաստատվում: Առաջարկում եմ, որ պարոն Աշոտյանը հատ-հատ հրապարակի դեպքերը, որպեսզի ոստիկանությունը դրանք հետաքննելու հնարավորություն ունենա՚, - գրել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել, թե հանրահավաքի ընթացքում հարձակման է ենթարկվել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը, նաև վվասվել են մեքենաներ: Նա պահանջել էր զբաղվել այդ վանդալիզմի համար մեղավորների որոնմամբ:
ՀՀ ոստիկանությունն, իր հերթին, արձագանքել է ԶԼՄ-ների վերը նշված հաղորդումներին: ԱրմԻնֆո-ին տրամադրված Ոստիկանության հաղորդագրությունում ասվում է. «Հոկտեմբերի 3-ին լրատվական կայքերից մեկում «Հարձակվել են պատգամավոր Ռուզան Առաքելյանի վրա և չեն թողել մտնի ԱԺ» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվել։ Բաժնի պետի հետաքննության գծով տեղակալը հեռախոսազրույց է ունեցել պատգամավոր Ռուզան Առաքելյանի հետ։ Վերջինս ոստիկանության ծառայողին հայտնել է, որ իր նկատմամբ բռնություն չի գործադրվել․ ընդամենը վեճ է տեղի ունեցել հավաքված կանանցից մեկի հետ։ Ինքն այդ մասին տեղեկացրել է նաև ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանին։ Շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը մտահոգության համար և խնդրել, որ այդ կապակցությամբ իրեն չայցելեն, ոչ էլ հրավիրեն ոստիկանություն՚։