Արմինֆո.Վրաստան այցի ընթացքում ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Արտաքին կապերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը հանդիպում ունեցան Վրաստանի ներքին գործերի նախարարության Միգրացիոն դեպարտամենտում:
Ինչպես տեղեկացրել է կազմակերպության մամուլի ծառայությունը, այս տարվա հուլիսից Վրաստանի կառավարությունում տեղի ունեցած ինստիտուցիոնալ փոփոխություների արդյունքում ապաստանի և միջազգային պաշտպանության պորտֆոլյոն փոխանցվել է Ներքին գործերի նախարարության Միգրացիոն դեպարտամենտին:
Դեպարտամենտի տնօրեն Շալվա Էնուկիդզեն ողջունելով նշեց, որ Հայաստանի միգրացիոն ծառայության հետ միշտ եղել են բարի դրացիական հարաբերություններ։ «Լիահույս եմ, որ այսուհետ ևս սերտ կապերը շարունակվելու են»,-ավելացրեց նա:
Ա. Ղազարյանն իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ասաց, որ հարևան Վրաստանի փորձը օգտակար է։ «Համագործակցության նոր հնարավոր ուղիրներ եմ տեսնում»,-նշեց նա:
Հանդիպման ընթացքում վրաց գործընկերները ներկայացրեցին Դեպարտամենտի կառուցվածքը և գործառույթները: Դեպարտամենտի առանձին ստորաբաժիններից են անկանոն միգրացիայի դեմ պայքարի բաժինը և անկանոն միգրանտերի պահման ժամանակավոր կենտրոնը: Կենտրոնը գործում է 2014 թվականից, նախատեսված է 92 անձի համար, և առանձնացված են տղամարդկանց ու կանանց համար նախատեսված մասնաբաժինները:
Այնուհետև, հանդիպում կայացավ հանրային ծառայությունների զարգացման գործակալությունում՝ քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի որոշման բաժնի աշխատակիցների հետ: Նրանք ներկայացրեցին քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի հաստատման ամբողջ գործընթացը: 2018 թվականի հունիս ամսվա դրությամբ Վրաստանում հաստատվել է 595 հոգու քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակը: