Արմինֆո. Եթե Հատուկ քննչական ծառայությունն ունի ապացույցներ, որ զինծառայող Տիգրան Աբգարյանին 2008 թվականի մարտի 1-ին սպանել են հատուկջոկատայինները, ապա պետք է մեղադրանք առաջադրվի: Այդ մասին սեպտեմբերի 14-ին մամուլի ասուլիսում հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Նա նշել է, որ լիազոր կառույցների աշխատակիցները փորձում են ցնցող տեղեկություններ ներկայացնել մարտի 1-ի գործին առնչվող իրադարձությունների մասին` իրենցից ուշադրությունը շեղելու նպատակով: Նույն նպատակով, նրա ասելով, տեղեկություններ են տարածվում Ռոբերտ Քոչարյանի կողմից փողերի լվացման մասին: «Նման լուրջ հայտարարություններ անելու համար հարկավոր է, առնվազն, մեղադրանք առաջադրել և ձեռքի տակ ունենալ ուժի մեջ մտած դատավճիռ: Դեռ մեղադրանք չկա, չկան բավականաչափ ապացույցներ, իսկ աղմկահարույց հայտարարություններ հնչում են՚, - ընդգծել է Ալումյանը:
«Մենք բոլորս ցանկանում ենք, որպեսզի մարտի 1-ի գործը բացահայտվի: Սակայն դրա համար անհրաժեշտ է ոչ թե հանդես գալ բարձրագոչ հայտարարություններով, այլ հայթայթել անհրաժեշտ ապացույցներ և հարուցել քրեական գործեր՚, - եզրափակել է Ալումյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ի մամուլի ասուլիսում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, որ զինծառայող Տիգրան Աբգարյանին սպանել են հատուկ նշանակության ջոկատի զինծառայողները, հավելելով, որ կան ստույգ ապացույցներ, որ Աբգարյանն սպանվել է, երբ երկրորդ նախագահը արտակարգ դրություն մտցրեց, թեև հրազենային վիրավորումով դեռ ոչ մի զինծառայող չկար: ՀՔԾ պետի համոզմամբ, Աբգարյանի սպանության համար հիմք է ծառայել Քոչարյանի այն հայտարարությունը, թե արդեն կան զոհեր, թեև դրանք, փաստորեն, չեն եղել: Խաչատրյանի ասելով, կան նաև ապացույցներ, որ բանակը կրակել է մարդկանց և շենքերի ուղղությամբ, բացի այդ, կան փաստացի ապացույցներ, որ ՀՀ ՊՆ պահեստներից օլիգարխների թիկնազորներին բաժանվել են զինվորական հանդերձանք և զրահաբաճկոններ: ՀՔԾ պետի համոզմամբ, ամենամեծ հանցագործությունն այն է եղել, որ զինծառայղոներին վերածել են վարձկանների, և կան զինվորականների ցուցակներ, որոնք դրամական միջոցներ են ստացել օլիգարխներից ` այդ օրերին իրենց տների պահպանության դիմաց: