Արմինֆո. ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզաբանել է, թե ինչու է միայն նախօրեին հայտնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում խուզարկություններ անցկացնելու մասին:
«Չկարևորելով Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանն ու գրասենյակում 2018 թվականի օգոստոսի 6-ին կատարված խուզարկության հանգամանքը` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չէր տարածել, սակայն հաշվի առնելով 2018 թվականի օգոստոսի 20-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից ստացված բազմաթիվ հարցումները` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ընդամենը հաստատել է նշված տարածքներում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկության փաստը>,- նշվում է պարզաբանման մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին է Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ
<մարտի 1>-ի գործի շրջանակներում խուզարկություն է իրականացրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը և գրասենյակում։ Նա նաև նշել էր, որ քննության շահերից ելնելով՝ ներկայումս չի կարող այլ մանրամասներ հայտնել:
Դրան հաջորդել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի արձագանքը, ով հայտարարել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում խուզարկությունը կատարվել է 2-3 շաբաթ առաջ: <Չգիտես ինչու՝ հիմա են որոշել այդ տեղեկատվությունը տարածել, թե ինչու, թողնում եմ ընթերցողների երեւակայությանը, թե ինչ նպատակ է հետապնդում խուզարկության մասին լուրերի ուշացած շրջանառումը, թողնում եմ ընթերցողներին>,- ասել է Սողոմոնյանը:
Հատկանշական է, որ օգոստոսի 20-ին ՀՀ գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացնելու Վճռաբեկ դատարան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ: ՀՀ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն ավելի վաղ հայտարարել է, որ եթե հանկարծ Վճռաբեկ դատարանը որոշի, որ Ռոբերտ Քոչարյանը չի ենթարկվելու քրեական հետապնդման, ելնելով նրա նախագահական կարգավիճակից, ինչը, ըստ նրա, աբսուրդ է, քանի որ մարդը չի կարող ունենալ բացարձակ անձեռնմխելիություն`կապված իր պաշտոնի հետ, ապա այդ հարցը կարող է գնալ հաջորդ մակարդակ`Սահմանադրական դատարան: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ եթե Վճռաբեկ դատարանը որոշի կալանավորել իր պաշտպանյալին, իրենք կդիմեն ՄԻԵԴ։