Արմինֆո. Հայաստանում չկա կոալիցիա, չկա քաղաքական մեծամասնություն, իշխանությունը պատկանում է երկրի քաղաքացիներին, օգոստոսի 17-ին հանրահավաքի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն անդրադարձել է նաև արտաքհերթ խորհրդարանական ընտրություններին: <Դուք գիտեք, որ մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ մինչև հաջորդ մայիս, պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Տեսեք՝ ինչ է կատարվում. ըստ էության, Սահմանադրական հնարավորությունը հետևյալն է այս պահին, որ ես՝ որպես վարչապետ, պետք է հրաժարական տամ, և խորհրդարանը պետք է 2 անգամ անընդմեջ չընտրի նոր վարչապետ, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Բայց հիմա նրանք սկսել են մտածել հետևյալը. ասում են՝ դե թողնենք, հրաժարական տա, հետո արագ, թաքուն ուրիշ վարչապետ կընտրենք, կասենք, օրինակ՝ չասեմ ում: Նախ ես ասեմ, որ այդ մարդիկ շարունակում են չհասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում, բայց քանի որ չեն հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում, մենք կանենք հետևյալը. մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետևյալը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին: Եվ ուրեմն այդ փոփոխությունները պետք է ընդունի այդ նույն խորհրդարանը, ինչը տեղի կունենա միայն մի պայմանով, երբ դուք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներդ, դա ձևակերպեք ձեր կողմից որպես հստակ պահանջ: Երբ դուք ձևակերպեք, մենք կապահովենք դրա իրականացումը խորհրդարանում: Հիշո՞ւմ եք՝ մի անգամ ես Հանրապետականներին և նրանց սատելիտներին խորհուրդ եմ տվել «սատանի մայլում քյանդրբազություններ չանելե և էլի նույն խորհուրդն եմ տալիս>,- ասել է նա: