Արմինֆո. Գլխավոր դատախազությունը կբողոքարկի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը: Այդ մասին լրագրողներին և նախկին նախագահի ազատ արձակման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ Վահագն Մուրադյանը:
Նրա խոսքով, Վերաքննիչ դատարանի որոշման տեքստը, ինչպես սպասվում է, կստացվի 1-2 օրվա ընթացքում: «Այն բանից հետո, երբ կստանանք Վերաքննիչ դատարանի որոշումը, կքննարկենք Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունը` ստացված որոշմանը համապատասխան՚,- ասել է նա:
Բացի այդ, Մուրադյանի խոսքով, այն փաստը, որ նախկին նախագահի վերաքննիչ բողոքը քննող դատավոր Ալեքսանդր Ազարյանը ժամանակին աշխատել է երկրորդ նախագահի աշխատակազմում, հիմք չէ դատավորին հետ կանչելու համար:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ նախօրեին Վերաքննիչ դատարանը բավարարեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը, բեկանեց առաջին ատյանի դատարանի վճիռը, և Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, Հատուկ քննչական ծառայությունում հայտարարել են, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու մասին դատարանի որոշումն անօրինական է: «Ավելին, դատարանը դուրս եկավ իր լիազորություններից: Հուսով ենք, որ դատախազը կբողոքարկի այդ որոշումը հաջորդ ատյանի դատարանում», - ասել են ՀՔԾ-ում: