Արմինֆո. «Ընդունված է ասել, որ Հայաստանի պետբյուջեն սուղ է և շատ բաների գումար չի բավականացնում: Բայց երբ տեսնում ես, թե ինչքան է մսխվել և դեռ մնում է, հասկանում ես, որ այնքան էլ քիչ չէ՚,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, կառավարությունն այլևս մտադիր չէ հանդուրժել այդ իրավիճակը:
Վարչապետի խոսքով, այսօր կառավարությունը պատրաստ է 10-15 մլրդ դրամ տրամադրել համայնքներին` սուբվենցիաների տեսքով /ծրագրեր, որոնք 40%-ով ֆինանսավորվում են համայնքերի, 60%` կառավարության կողմից-խմբ./: Փաշինյանի խոսքով, պարզվում է, որ համայնքները դեռ պատրաստ չեն ընդունել հատկացված միջոցները. առաջինը` համայնքների համաֆինանսավորման միջոցների բացակայության, երկրորդ` համապատասխան ծրագրերի բացակայության պատճառով: Այդ ամենը, վարչապետի խոսքով, այդ թվում` պաշտոնյաների ոչ սրտացավ վերաբերմունքի, նրանց կոռումպացվածության և հովանավորչության հետևանք է:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ի Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2018 թ. նախատեսված 5 մլրդ դրամի փոխարեն կառավարությունը, սուբվենցիաների տեսքով,10 մլրդ դրամ կհատկացնի համայնքներին` հարկերի վճարումից խուսափելու սխեմաների և կոռուպցիոն երևույթների հայտնաբերման արդյունքւոմ պետությանը վերադարձված միջոցներից: