Արմինֆո. Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշման դեմ փաստաբանների վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի այսօր` 14:00-ին:
Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը մեկնարկել էր նախօրեին` 12:00-ին, և տևել շուրջ 8 ժամ: Այնուամենայնիվ, նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով, հետաձգման պատճառն այն է, որ երկու կողմերը չեն հասցրել ներկայացնել բոլոր փաստարկները:
Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ներկա է գտնվել դատարանի նիստին, այլ նաև, ինչպես լրագրողներին հայտարարել է Ալումյանը, «փայլուն՚ ելույթ է ունեցել, ինչի համար իմաստ ունի նրա ասածի զգալի մասը հրապարակել:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի փատաբաններն օգոստոսի 1-ին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու դիմում են ներկայացրել Վերաքննիչ դատարան: Քննվում է երկու միջնորդություն. մեկը՝ առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու, մյուսը` կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը:
Օգոստոսի 8-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ազգային ժողովի 46 պատգամավորի միջնորդությունը:
Հուլիսի 28-ին Շենգավիթի շրջանի առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 2 ամսով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ՀՔԾ միջնորդությունը: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: