Արմինֆո. Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) ղեկավար Սասուն Խաչատրյանը չի բացառում նախկին նախագահ Սերժ Սարգսյանին և ԱԺ նախկին խոսնակ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող գործով հարցաքննության կանչելու հնարավորությունը: Այդ մասին նա հայտարարել է օգոստոսի 2-ին լրագրողների հետ զրույցում:
Ինչպես նշել է Խաչատրյանը, հարցաքննության անհրաժեշտությունը որոշում է քննիչը, և ինչպես հարցաքննության կանչելը, այնպես էլ դրա անցկացումից հրաժարվելը պետք է լինեն հիմնավորված: «Ես, որպես ՀՔԾ ղեկավար, բազմիցս ասել եմ, որ եթե քննության ընթացքում պարզվի, որ այս կամ այն պաշտոնատար անձը կարող է քննության համար կարևորություն ունեցող տեղեկություն հաղորդել, ապա նա կհարցաքննվի. սրանով ամեն ինչ ասված է՚, - ամփոփել է նա:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ ՀՔԾ ղեկավարը հայտարարել էր, որ կառույցն իր գործողություններում կաշկանդված չէ անձերով, և «մարտի 1-ի՚ գործի շրջանակում հարցաքննության կարող են կանչվել անձինք, որոնք կարող են ինչ-որ տեղեկություն հաղորդել այդ իրադարձությունների մասին: Դրանից հետո հարցաքննության են կանչվել նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով քննչական մարմին չի ներկայացել, և նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում Ինտերպոլի գծով: