Արմինֆո.Հայկ Մարությանը, ով առավել հայտնի է որպես «Կարգին Հայկո՚, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել է Երևանի քաղաքապետի պաշտոնի թեկնածու: Հուլիսի 29-ին ՔՊ վարչության նիստից հետո այդ մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ Ալեն Սիմոնյանը։
Նրա ասելով, քաղաքապետի թեկնածուի ընտրությունը տեղի է ունեցել երկու փուլով։ Երկրորդ փուլ են անցել Հայկ Մարությանը և Ալեն Սիմոնյանը: Երկրորդ փուլով «Քաղաքացիական պայմանագրի» առաջին համար է ընտրվել իմ ընկեր Հայկ Մարությանը»,- ասել է Ալեն Սիմոնյանը` կոչ անելով սատարել Հայկ Մարությանին: Ինչպես հաղորդել է Ալեն Սիմոնյանը, առաջիկա ընտրություններին «Ելք՚ դաշինքի կազմում կուսակցության մասնակցության հարցը նիստի ընթացքում չի քննարկվել:
Հավելենք, որ ի սկզբանե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից որպես քաղաքապետի թեկնածու ինքնաառաջադրվել էր չորս հոգի ՝ պատգամավոր Ալեն Սիմոնյանը, դերասան Հայկ Մարությանը, սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը և վարչապետի օգնական Սրբուհի Ղազարյանը: Հայկ Մարությանը թավշյա հեղափոխության օրերին ակտիվորեն մասնակցել է հանրահավաքներին ու երթերին և սատարել է Նիկոլ Փաշինյանին: Ավելի ուշ նա անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր՚ կուսակցությանը:
Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյնը հուլիսի 9-ին հայտարարեց լիազորությունները վայր դնելու մասին: Հուլիսի 16-ին տեղի ունեցած արտահերթ նիստում ավագանին իր կազմից նոր քաղաքապետ չընտրեց, նիստը տապալվեց քվորումի բացակայության պատճառով։ Այժմ կառավարությունը պետք է ցրի ավագանին ու միաժամանակ նշանակի արտահերթ ընտրություններ: Երևանի մասին օրենքի համաձայն՝ արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: Ավագանու առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել են «Երկիր Ծիրանին՚ ու «Ելքը՚, իսկ ԲՀԿ-ն, ԱրմԻնֆո-ի ունեցած տեղեկություններով, առաջադրելու է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը: Առայժմ հայտնի չէ ընտրություններին «Ելքի՚ մասնակցության ձևաչափը, իսկ ՀՀԿ-ն դեռ չի հաստատել իր մասնակցությւոնը, սակայն, ԱրմԻնֆո-ի տեղեկությունների համաձայն, նրանք ընտրություններին չեն մասնակցելու: Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացումը նախատեսվում է առաջիկա սեպտեմբերին: