Արմինֆո. ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբորորդի, Քրեական հետախուզության վարչության աշխատակցի նկատմամբ ծառայողական հետաքննությունը ժամանակավորապես դադարեցվել է: Այդ մասին հուլիսի 26-ին լրագրողներին հայտնել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Նրա խոսքով, քանի որ 13-ամյա աղջկան ծեծի ենթարկելու և նրա հորը նվաստացրելու փաստի առնչությամբ գործի նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, ծառայողական հետաքննությունը ժամանակավորապես դադարեցվել է:
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին համացանցում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Վլադիմիր Գասպարյանի եղբայրը` Կարեն Գասպարյանը, նրա կինը և դուստրը վախեցրել են Կոտայքի մարզի բնակիչ, 13-ամյա աղջկան, այն բանի համար, որ նա փորձել է Վարդավառի օրը ջրել Գասպարյանի մեքենան: Ըստ տեղեկատվության, Գապարյանը կանգնեցրել է մեքենան, մոտեցել աղջկան, բռնել նրա մազերից և փորձել նրա գլուխը մտցնել մոտակա առվակը: Հայրը, որը եկել էր աղջկա օգնելու, Գասպարյանների կողմից տարվել է անհայտ ուղղությամբ, ենթարկվել ծեծի` էլեկտրական շոկերի կիրառմամբ:
Արդեն հուլիսի 10-ին Վալերի Օսիպյանը հավաստիացրել էր, որ այսօր Հայաստանում բոլորովին այլ իրավիճակ է, և պաշտոնյաների ու նախկին պաշտոնյաների հետ բարեկամական հարաբերությունները ոչ մեկին չեն ազատում պատասխանատվությունից, եթե նրանք կատարել են հանցագործություն: Միևնույն ժամանակ Օսիպյանը նշել էր, որ Վլադիմիր Գասպարյանը հազիվ թե փորձի միջամտել հետաքննությանը: