Արմինֆո. Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը 1 մլրդ դրամ գրավ է վճարել իր նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար և արդեն ազատ է արձակվել: Ղազարյանի փաստաբանը դժվարացել է ասել, թե նախկին պաշտոնյան որտեղից է այդքան գումար վերցրել: «Կարող եմ միայն ասել, որ բոլորովին պարտադիր չէ, որ այդ գումարը պատկաներ անձամբ Ղազարյանին՚, - ասել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագահ Ղազարյանը կալանավորվել էր հունիսի վերջին. նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 314 և 310 հոդվածներով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 27.06.2018թ.-ին Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: 27.06.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Վ. Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
28.06.2018թ.-ին դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել էր, և Վ. Ղազարյանը կալանավորվել էր 2 ամիս ժամկետով: