Արմինֆո.Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության մշտական քարտուղար եւ դիվանագիտական ծառայության ղեկավար Սայմոն Մըքդոնալդին:
Ինչպես ԱրմԻնֆ-ոին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախագահ Սարգսյանը ողջունել է Մըքդոնալդի այցը Հայաստան՝ նշելով, որ բարձր մակարդակի փոխայցելությունները նպաստում են երկու երկրների միջև երկխոսության ընդլայնմանը: Բրիտանացի բարձրաստիճան դիվանագետը գովեստով է արտահայտվել վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների, դրանց խաղաղ, Սահմանադրության շրջանակում հանգուցալուծման եւ այդ գործում Հանրապետության նախագահի դերի մասին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բրիտանական համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Նրանք համակարծիք են եղել, որ կան գործակցության մեծ ներուժ եւ բազմաթիվ ուղղություններ, որտեղ հնարավոր է առավել շոշափելի արդյունքների հասնել:
Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության նախարարության մշտական քարտուղար Սայմոն ՄաքԴոնալդը հանդիպել է նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում հայ-բրիտանական հարաբերություններում նկատվում է աշխուժացում, ինչն արտահայտվում է նաև բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվացմամբ: Նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը շարունակելու և ընդլայնելու երկու երկրների միջև երկխոսությունը՝ առավել շոշափելի արդյունքների հասնելու համար։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ մշտական քարտուղար ՄաքԴոնալդն ասել է, որ այժմ հիանալի ժամանակ է լինել Հայաստանում՝ երկրում տեղի ուենցող զարգացումների մասին առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև հայ-բրիտանական օրակարգի ընդլայնման ուղիները քննարկելու համար։
ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով նոր կառավարության կողմից շարունակական բարեփոխումներ իրականացնելու հանձնառությունը և կարևորելով բարեփոխումների գործընթացին Հայաստանի գործընկերների աջակցությունը:
Զոհրաբ Մնացականյանը և Սայմոն ՄաքԴոնալդն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությանը: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը հույս է հայտնել, որ Միացյալ Թագավորությունը ևս շուտով կվավերացնի համաձայնագիրը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ՄԹ արտաքին և համագործակցության նախարարության մշտական քարտուղարը արծարծել են նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներ, կարծիքներ փոխանակեցին Սիրիայում ստեղծված իրավիճակի և Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների շուրջ:
Հայաստան այցի շրջանակներում Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության նախարարության մշտական քարտուղար Սայմոն ՄաքԴոնալդը դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ ԱԳ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների առջև։