Արմինֆո.ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը համոզված է, որ այսօր պատերազմի անմիջական վտանգ չկա:
Այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով առաջնագծում տիրող իրավիճակի մասին՝ նա, մասնավորապես, ասել է. «Պատերազմի անմիջական սպառնալիք չկա: Սակայն, ինչպես արդեն բազմիցս հայտարարել ենք, վտանգ միշտ կա: Եվ ելնելով դրանից՝ մեր զինված ուժերն ամեն պահի պատրաստ են մարտական գործողությունների: Մենք պետք է պատրաստ լինենք իրավիճակի ցանկացած զարգացման»:
Ըստ որում, նա ընդգծել է, որ հայկական կողմի բոլոր գործողություններն ուղղված են մարտական գործողությունների կանխմանը:
Անդրադառնալով Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ գործողություններին՝ Դավթյանն ընդգծել է, որ իրավիճակը վերահսկվում է, և մտահոգվելու առիթ չկա:
Խոսելով այսօր Ադրբեջանում մեկնարկած լայնամասշտաբ զորավարժություններին, Գլխավոր շտաբի պետը հավաստիացրել է, որ դրանում գերբնական ոչինչ չկա: «Մենք պատրաստ ենք իրավիճակի ցանկացած զարգացման: Մենք նույնպես կանցկացնենք զորավարժություններ՝ արդեն համաձայն մեր ծրագրի, այդ ժամանակ նրանք կհետևեն մեզ»,- ասել է նա