Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-12-ը կայցելի Բրյուսել: Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ Բալայանը, մասնավորապես, ասել է. «Հայաստանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որպես այդպիսին, չի մասնակցում: Գագաթնաժողովի շրջանակներում անցկացվում է նաև Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) երկրների ղեկավարների նիստը, որն այսօր կրում է ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելություն անվանումը: Հայաստանը հրավիրված է մասնակցելու այդ ձևաչափով՝ որպես Աֆղանստանում խաղաղապահ առաքելության մասնակից»: