Արմինֆո. Հայկական պատվիրակության Բուլղարիա աշխատանքային այցի շրջանակներում հայ և բուլղարացի խորհրդարանականները Սոֆիայում ստորագրել են համագործակցության մասին հուշագիր, ինչը ենթադրում է տեղեկատվության փոխանակում, փոխգործակցության ակտիվացում, ավելի վաղ ստորագրված երկկողմ համաձայնագրերի շուտափույթ վավերացում, ինչպես նաև նախանշված ծրագրերի իրականացում: Այդ մասին Բուլղարիա այցի արդյունքների համաձայն հայտարարել է ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Ջեմմա Բաղդասարյանը:
Նա նշել է, որ դա հայկական խորհրդարանական պատվիրակության առաջին այցն էր Բուլղարիա, ավելի վաղ բուլղարական խորհրդարանական պատվիրակություն արդեն եղել է Հայաստանում: Նրա խոսքով, այցի շրջանակներում, որը նախատեսում էր բարձր մակարդակով մի շարք կարևոր հանդիպումներ, հատուկ շեշտ էր դրվել Բուլղարիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վրա: Հայ խորհրդարանականները երախտագիտություն են հայտնել Սոֆիային ղարաբաղյան հարցում հավասարակշռված դիրքորոշման համար՝ ընդգծելով, որ հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանաներում ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է:
Այցի շրջանակներում քննարկվել է նաև Երևանի և Սոֆիայի միջև ուղիղ ավիահաղորդակցության բացման հնարավորությունը, ինչը կնպաստի երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը և զբոսաշրջության զարգացմանը:
Չնայած այն բանին, որ Բուլղարիան ԵՄ անդամ է՝ հայ խորհրդարանականներն այցի ընթացքում նշել են, որ Հայաստանը որոշ ոլորտներում իր զարգացմամբ չի զիջում վերջինիս, մասնավորապես՝ խոսքը վերաբերում է սահմանադրական իրավունքի, տնտեսության, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտներին:
Պատգամավորը նշել է նաև, որ այցի ընթացքում բարեկամական խմբի ներկայացուցիչները հանդիպել են հայկական համայնքի հետ: