Արմինֆո.ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն առաջիկա ամիսներին Հարավային Կովկասում Թուրքիայի ակտիվ գործողություններ չի կանխատեսում:
«Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը որոշվում է աշխարհաքաղաքական գործընթացներով: Այսօր Թուրքիայի ուշադրությունը կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա: Կարծում եմ, որ առաջիկա ամիսներին՝ առնվազն մինչև այս տարվա վերջ, Հարավային Կովկասում Անկարայի ակտիվացում պետք չէ սպասել»,-հունիսի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է թուրքագետը:
Խոսելով Նախիջևանի և իրավիճակի սրման դեպքում ռազմական գործողություններին Անկարայի հնարավոր ներգրավման մասին՝ Սաֆրաստյանն ընդգծել է, որ այդ տարածքը չափազանց կարևոր նշանակություն ունի Թուրքիայի համար՝ տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդման տեսակետից: Միաժամանակ նա փաստել է, որ Թուրքիայի նոր քարտեզում Նախիջևանը ներառված է Թուրքիայի Հանրապետության կազմում: «Ինչ վերաբերում է ռազմական գործողություններին ներգրավվածությանը, չեմ կարծում, թե այսօր Թուրքիան կնպաստի տարածաշրջանում նման գործընթացներին: Սակայն, եթե Ադրբեջանն, այնուամենայնիվ, նման արկածախնդրության դիմի, Թուրքիան ստիպված կլինի ներգրավվել դրան»,- ասել է Սաֆրաստյանը: