Արմինֆո. Հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցության ներկայիս մակարդակը և փոխադարձ հետքաքրքրություն ներկայացնող ուղղությունները, նշելով, որ համագործակցությանը նոր խթան հաղորդելու համար նպատակահարմար է արդիականացնել համագործակցության իրավական շրջանակը և ակտիվացնել բարձր մակարդակի ռազմաքաղաքական երկխոսությունը: Դավիթ Տոնոյանը դեսպանին տեղեկացրել է,որ ՀՀ կառավարությունը հաստատել է Լիբանանում ՀՀ ռազմական կցորդ նշանակելու պաշտպանության նախարարության առաջարկը, ինչը նոր հնարավորություն կընձեռի պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացման համար:
Դեսպան Դաղերն իր հերթին նշել է պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցությունը բարձր մակարդակի հասցնելու լիբանանյան կողմի պատրաստակամության մասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր: