Արմինֆո. Հայաստանի կառավարությունը ՀԱՊԿ-ին պետք է տեղեկացնի հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի տեղամասում էսկալացիայի մասին: ԱԺ ամբիոնից այդ մասին հայտարարել է արտաքին հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը:
Նա նաև անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունիսին 13-ին Հայաստան նախատեսվող այցին: Աշոտյանի ասելով, հանդիպումների ընթացքում Մինսկի միջնորդների ուշարությանը պետք է ներկայացվի այն ճշմարտությւոնը, որ անկախ Հայաստանի և Արցախի ներքաղաքական գործընթացներից, հայ ժողովուրդը կպայքարի Արցախի անկախության ճանաչման համար: «Միջնորդների հետ հանդիպումների ընթացքում Հայաստանի նոր իշխանությունները պետք է ուշադրությունը սևեռեն նաև ղարաբաղյան հակամարտության գոտում վստահության մթնոլորտի ձևավորմանը նպատակաուղղված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությանը: Դժբախտաբար, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության նոր ղեկավարությունը վերջին ժամանակները երկրորդ պլանում է թողնում այդ պայմանավորվածությունները: Մինչդեռ դրանք պետք է իրագործվեն, քանի դեռ նոր կառավարությունն ավելի կատարյալ պայմանավորվածությունների չի հասել՚, - նշել է Աշոտյանը:
Նա նաև ընդգծել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմաստրատեգիական գործընկերության հետագա խորացման կարևորությունը: «Այդ առումով մեծ հույսեր եմ կապում Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպման հետ՚, - ասել է նա: