Արմինֆո.«Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը մեր ձեռքում շատ արդյունավետ գործիք է՝ ամրապնդելու և առաջ տանելու այն բարեփոխումների և երկրի զարգացման օրակարգը՝ օգտագործելով չափանիշներ, օգտագործելով համագործակցություն, որը ծառայում է մեր ազգային նպատակներին՚, - հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը «Ազատություն՚ ռադիոկայանով հեռարձակված հարցազրույցում` պատասխանելով հունիսի մեկից մասամբ ուժի մեջ մտած ԵՄ-Հայաստան համաձայնագրին առնչվող հարցին:
«Սա միգուցե այդ լավագույն օրինակներից է, երբ արտաքին քաղաքականությունը ծառայում է ներքին նպատակներին, այս պարագայում մեր երկրի ինստիտուցիոնալ, նորմատիվ զարգացումն ապահովելուն, մեր երկրի հասարակության կյանքի որակը բարձրացնելուն՝ ուղղված մեր ներքին նպատակներին, որի համար օգտագործվում է միջազգային համագործակցությունը, այս դեպքում, Եվրամիության հետ համագործակցությունը: Դուք շատ լավ գիտեք, որ համաձայնագիրը բավական համապարփակ է և ընդգրկում է մեր առօրյա կյանքի բավական լայն շրջանակ, հնարավորություն է տալիս ուղղակի օգտագործել այդ փորձը, օգտագործել այս համագործակցության այն լավ օրինակը, որը ծառայելու է մեր ներքին նպատակներին՚, - հայտարարել է արտգործնախարարը:
Անդրադառնալով Հայաստանի ինքնիշխանության խնդրին, մասնավորապես, այն հանգամանքին, որ երբ 2013թ. Հայաստանը հրաժարվեց Եվրամիության հետ ստորագրել Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, շատերը մտածեցին, որ դա տեղի ունեցավ Ռուսաստանի ճնշման տակ, որ Հայաստանը, կարծես թե, կորցրեց սուվերեն որոշում կայացնելու իր հնարավորությունների մի որոշ մասը, գոնե եվրոպական ժողովրդավարությունների հետ հարաբերվելու առումով, Զոհրաբ Մնացականյանն ասել է. «Չէի ուզենա կտրուկ այսպես սև-սպիտակի մեջ տանել այս ամենը և պնդել, որ մենք կորցրեցինք և վերականգնեցինք, որովհետև որպես ինքնիշխան սուվերեն պետություն Հայաստանը քսանյոթ տարվա ընթացքում, լինելով ՄԱԿ-ի անդամ, թեև միգուցե ՄԱԿ-ի անունը տալով իմ նախկին գործին եմ անդրադառնում, բայց որպես ինքնիշխան պետություն Հայաստանը իր ինքնուրույն քաղաքականությունը տարել է քսանյոթ տարվա ընթացքում, և այս ամենը նաև տեղի է ունենում իրականության մեջ։ Իսկ իրականությունը այն է, որ մենք հարյուր իննսուներեք անդամներից մեկն ենք այս աշխարհում, ունենք տարածաշրջան, ունենք անմիջական հարևանություն, ունենք անմիջական անվտանգության ձևավորված համակարգ, ունենք տարբեր հարցեր, խնդիրներ, նպատակներ և մարտահրավերներ, որի մեջ մենք կառուցում ենք և տեղավորում մեր դիրքորոշումները, մեր մոտեցումները, որոնց հիմնական նպատակը մեկն է՝ ապահովված պահել մեր անվտանգության համակարգը և ապահովված պահել մեր զարգացման նպատակներին ուղղված բոլոր հնարավոր լծակները, որոնք օգտակար են, որոնք կարող են օգտագործվել միջազգային համագործակցության միջոցով: Այս դեպքում մենք եկանք մի հանգրվանի, որտեղ կիրառական առումով կարողանալու ենք օգտագործել այդ լծակները՚:
Հավելենք, որ հունիսի 1-ից սկսվել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի իրագործումը, որն ստորագրվել էր 2017 թվականի նոյեմբերին: Երևանի և Բրյուսելի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների համաձայն, դրա շնորհիվ հնարավոր կլինի համաձայնագրի 80 տոկոսով իրագործումը, իսկ լիակատար իրագործումը հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ ԵՄ անդամ բոլոր երկրները վավերացնեն համաձայնագիրը: Այսօրվա դրությամբ այն վավերացրել են Լատվիան, Լիտվան և Էստոնիան: